211652_close_icon
views-count2044 դիտում article-date 16:11 04-09-2018

Աղվերանում չեխ փորձագետները ներկայացրեցին կառավարության հետ երկխոսություն սկսելու գործիքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում օգոստոսի 27-31-ը Աղվերանում անցկացվեց դասընթացներ քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների ծրագրային թիմի համար` ծրագրի շահառու ՔՀԿ-ների կոալիցիաների ներգրավմամբ: Ծրագրի գործընկեր չեխական «Ագորա» ՀԿ փորձագետներ Իվանա Բուրսիկովան և Վոյտեկ Չերնին ներկայացրեցին Չեխիայում ոչ առևտրային հասարակական կազմակերպությունների և կառավարության միջև համագործակցությունը, հանրային քաղաքականությունների, երկխոսության զարգացումը: «Շատ կարևոր էր չեխական փորձի ներկայացումը, քանի որ մենք այստեղ տարբեր գործառույթներ ենք իրականացնում, սակայն դեռևս չգիտենք դրանց արդյունավետությունը, իսկ քանի որ չեխական փորձն արդեն կա և պարզ են դրանից քաղված դասերը, ապա շատ հեշտ է դրանց հիման վրա տեսնել, թե ինչը կարելի է մեզ մոտ փոփոխել, ներդնել։ Շատ կարևոր է նաև նշել, որ մեր փորձն էլ իրենց համար է օգտակար»,- նշեց դասընթացի մասնակիցներից Լիանա Մակվեցյանը։ Դասընթացները բաղկացած էին ոչ միայն տեսական, այլև պրակտիկ մասերից: Մասնակիցները խմբային աշխատանքներ են կատարում, գործնականում փորձում կիրառել ստացած տեսական գիտելիքները: «Առանձնացվեցին թիմեր, յուրաքանչյուր թիմ իր համար առանձնացրեց մի խնդիր, դրեց իր նպատակը, ընթացիկ խնդիրները որոշվեց և հասավ վերջնական արդյունքի։ Սա այնքանով էր կարևոր, որ կարողացանք թիմային աշխատել և արդյունք ունենալ»,- ասաց մասնակիցներից Վիկտորիա Եղոյանը։ Ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի գլխավորությամբ ամփոփվեցին ՔՀԿ-ների ինկուբատորների գործարկման աշխատանքները, նկատված խնդիրները և դրանց լուծման ճանապարհները: «Թեև սկզբնական շրջանում կային մտավախություններ, քաղհասարակության կազմակերպությունների կողմից հաճախ անհասկանալի էր, թե ինչ է ինկուբատորը, սակայն ժամանակը ցույց տվեց, թե որքան օգտակար մեխանիզմ էր այն նրանց համար՝ երկխոսության, կամուրջներ ստեղծելու, կարողությունների զարգացման համար»,- Կարեն Զադոյանը: Այսպիսով, 5-օրյա դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռքբերեցին գիտելիքներ փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակման չեխական փորձի, արդյունքների արագ քարտեզագրման մոտեցման (ROMA approach- RAPID OUTCOME MAPPING APPROACH) և հաջողված քաղաքականության մշակման մասնակցության մեթոդաբանությունն ու դրա ազդեցության չափման մեթոդի վերաբերյալ, ինչպեսև քննարկվեցին ծրագրի շրջանակներում ստեղծված ՔՀԿ ինկուբատորների գործարկմանընթացքում քաղված դասերը: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր