Մոհամեդ Սալահ. Եգիպտոսի ֆեդերացիան իրեն շատ վատ է պահում
«Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մուհամեդ Սալահը «Թվիթերի» իր էջում դիմել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիային.
«Սովորաբար, ֆուտբոլային միությունը փորձում է լուծել իր ֆուտբոլիստների խնդիրները, որպեսզի նրանց համար հարմարավետ պայմաններ ապահովի:
Բայց այն, ինչ ես տեսնում եմ իրականում, լրիվ հակառակն է:
Բոլորովին նորմալ չէ, որ իմ և գործակալիս ուղարկած նամակները պարզապես արհամարհանքի են արժանանում: Չգիտեմ, թե ինչու է այս ամենը տեղի ունենում: Մի՞թե ժամանակ չունեք մեզ պատասխանելու համար»,- գրել է Սալահը:
Սալահի դժգոհությունը «Թվիթերի» իր էջում հաստատել է նաև նրա գործակալ Ռամի Աբասը.
«Մենք միայն երաշխիք ենք խնդրել Սալահի` ազգային թիմում բարեկեցության վերաբերյալ, ինչպես նաև հավաստիացում, որ նրա իմիջային իրավունքներն այլևս չեն խախտվի: Ահա այսքանը: Դեռևս մեզ չեն պատասխանել»,- գրել է գործակալը:
Ավելի վաղ, հիշեցնենք, Սալահը խնդիրներ ուներ Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապված այն հանգամանքի հետ, որ ազգային թիմի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռի վրա պատկերվել էր ֆուտբոլիստի լուսանկարն ու հովանավորի տարբերանշանը: Այս կերպ, կազմակերպությունը խախտել էր ֆուտբոլիստի իմիջային իրավունքները, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/08/27/Salah/908914]Armsport.am[/url]-ը:


