211652_close_icon
views-count547 դիտում article-date 11:54 08-11-2026

Ռոնալդուն ընդլայնում է գործունեությունը կինոարտադրության ոլորտում․ հայտնի են նոր նախագծերի մանրամասները

Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է ընդլայնել իր գործունեության սահմանները խաղադաշտից դուրս։ Պորտուգալացի ֆուտբոլիստը բրիտանացի անվանի ռեժիսոր Մեթյու Վոնի հետ համատեղ հանդես է եկել որպես հոլիվուդյան «Stuntnuts» մարտական կատակերգության պրոդյուսեր։ Նոր կինոնկարում նկարահանվել են Քրիս Հեմսվորթը, Սեմ Ռոքվելը, ինչպես նաև «Օսկարի» մրցանակակիր Մեթ Դեյմոնը։

Ինչպես հայտնում է Deadline պարբերականը, այս կինոնկարը Ռոնալդուի և Վոնի համատեղ՝ UR•Marv կինոարտադրական ընկերության անդրանիկ նախագիծն է։ Այն ներկայացվելու է Ամերիկյան կինոշուկայում (American Film Market), որտեղ միջազգային դիստրիբյուտորները հնարավորություն կունենան ձեռք բերելու ցուցադրման իրավունքները։

Ֆիլմի սյուժեի առանցքում երկու տաղանդավոր կասկադյորներ են, որոնք իրենց համայնքային մարզասրահը փրկելու նպատակով աշխատանքի են անցնում հոլիվուդյան խոշոր նախագծում։ Սակայն նկարահանման հրապարակում իրադարձությունները դուրս են գալիս վերահսկողությունից․ վտանգավոր հնարքները, անսպասելի միջադեպերն ու գլխավոր դերակատարների միջև ծագած տարաձայնությունները նրանց կանգնեցնում են լուրջ փորձությունների առաջ։ Հատկանշական է, որ Քրիս Հեմսվորթն ու Սեմ Ռոքվելը էկրանին մարմնավորելու են հենց իրենց՝ չափազանցված ու երգիծական կերպարներով, իսկ Մեթ Դեյմոնը հանդես է գալու էպիզոդիկ դերում։

Կինոնկարի ռեժիսորը նախկին պրոֆեսիոնալ կասկադյոր Դեմիան Ուոլթերսն է, որն աշխատել է այնպիսի հանրահայտ ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Ջեյմս Բոնդը», «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը», «Դոկտոր Սթրենջը» և «Քինգսմանը»։ Նախագծում ներգրավված են նաև ոլորտի առաջատար կասկադյորներ Բոբի Հոլանդ Հանթոնը (Հեմսվորթի մշտական կրկնօրինակողը), Գրեգ Թաունլին («Սարդ-մարդը» ֆիլմաշարում Թոմ Հոլանդի կասկադյորը), Փոլ Լոուն և Հարուկա Օշիման։

Ի դեպ, նկարահանումների ընթացքում իրական արտակարգ դեպք է գրանցվել․ բարձրությունից անհաջող վայրէջքի հետևանքով Գրեգ Թաունլին կոտրել է մեջքի երեք ողերը։ Այդ պատճառով արտադրական պրոցեսը մի քանի ամսով դադարեցվել է, իսկ ապաքինումից հետո ստեղծագործական թիմը որոշել է իրական միջադեպը ներառել ֆիլմի սցենարում՝ ի ցույց դնելու կասկադյորների աշխատանքի ողջ վտանգավորությունը։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն և «Քինգսման» ու «Քիք-Աս» ֆիլմերով հայտնի Մեթյու Վոնը UR•Marv կինոստուդիայի հիմնադրման մասին հայտարարել էին 2025 թվականի ապրիլին։ Գործընկերների նպատակն է միավորել Վոնի կինեմատոգրաֆիական հարուստ փորձն ու պորտուգալացի մեգաաստղի համաշխարհային ճանաչումը՝ նոր ֆիլմեր և հեռուստասերիալներ ստեղծելու համար։

«Stuntnuts»-ին զուգահեռ՝ ստուդիան այժմ աշխատում է նաև «Day 1s» հեռուստասերիալի վրա, որը բացահայտելու է ֆուտբոլային գործակալների աշխարհը, տրանսֆերային բանակցությունների գաղտնիքներն ու սպորտային բիզնեսի հետնաբեմը։ Այսպիսով, «Ալ-Նասրի» հարձակվողը ֆուտբոլային կարիերային զուգահեռ հաստատուն քայլեր է կատարում նաև համաշխարհային կինոինդուստրիայում։

Armsport

Նմանատիպ նյութեր