Թիերի Անրին կարող է գլխավորել «Բորդոն»
«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին կարող է ինքնուրույն մարզչական գործունեություն սկսել:
Նրա ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել «Բորդոյի» հետ: Օրերս ֆրանսիական այս ակումբը հեռացրել էր մարզիչ Գուստավո Պոյետին, երբ վերջինս ղեկավարությանը հրապարակավ քննադատել էր՝ հարձակվող Գաետան Լաբորդեին առանց իրեն տեղյակ պահելու «Մոնպելյեյին» վաճառելու համար:
Այս տեղեկությունը հաստատել է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: «Այո, նա ցանկանում է դա: Անրին խելացի է, նա աշխատելու համար բավարար որակներ ունի: Հարցը միայն այն է, արդյոք նա պատրաստ է հանուն մարզչական կարիերայի շատ բան զոհաբերել իր կյանքում», նշել է Վենգերը:
Ներկայումս Անրին Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում Ռոբերտո Մարտինեսի օգնականն է:


