3327 դիտում
09:27 04-07-2018
Ընտրական գործընթացում հնարավոր է կանխել ընտրակաշառքներն ու ընտրակեղծիքները․ Համազասպ Դանելյան․ «Ամերիկայի ձայն»
Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են ընտրական օրենսգրքի բարեփոխումներ: Այս ոլորտի հիմնախնդիրների և ակնկալվող բարեփոխումների մասին ենք զրուցել ընտրական հարցերով փորձագետ, ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Համազասպ Դանելյանի հետ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4465534.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հայաստանում, ըստ էության, անկախությունից ի վեր իշխանափոխություն ընտրությունների միջոցով տեղի չի ունեցել, գտնում է ընտրությունների հարցերով փորձագետ, քաղաքագետ Համազասպ Դանելյանը: Նա գտնում է, որ ընտրական համակարգի նկատմամբ հանրության անվստահությունը համակարգային խնդիր է, որը բխում է ընդհանուր առմամբ քաղաքական ինստիտուտների նկատմամբ հանրային անվստահության բարձր մակարդակից: Քաղաքագետի կարծիքով նման մոտեցումը բնորոշ է հետխորհրդային շատ երկրներին: Դրա հետ մեկտեղ, նա փաստում է, որ ընտրական համակարգը Հայաստանում վերջին երկու տասնամյակների ընթացքում ենթարկվել է մեծ փոփոխությունների ինչպես դրական, այնպես էլ բացասական:
«Վերջին երկու տասնամյակներում փոխվել է Հայաստանում ընտրությունների անցկացման կարգը, կարգավորումները, փոխվել են նաև ընտրակեղծիքների գործիքակազմը, որը շատ հետաքրքիր էվոլյուցիա է ապրել: Սակայն մարդկանց մոտ տպավորություն չկա, որ ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանափոխություն և որ դրանց արդյունքները արտացոլում են բնակչության կարծիքը»,- ասում է Դանելյանը:
Հեղափոխությունից հետո նոր իշխանություններն իրենց առաջնահերթությունն են հռչակել ընտրությունների նկատմամբ հանրության վստահության վերականգնումն ու ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որի հիման վրա մեկ տարվա ընթացքում կկայանան արտահերթ ընտրություններ: Վարչապետին առընթեր ստեղծված ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որի անդամ է հանդիսանում Դանելյանը, ստանձնել է օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու գործառույթը:
«Ընտրական օրենսգիրքն այն ֆիքսված խաղի կանոններն են, ուր քաղաքական ուժերը փորձում են արտացոլել իրենց շահերը՝ կապված իրենց ազդեցությունից»,- ընդգծում է քաղաքագետը:
Դանելյանի կարծիքով Հայաստանի ընտրական օրենսդրությունն անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում չնայած բազում բացթողումների եղել են նաև դրական ձեռքբերումներ, ներառյալ ընտրական ցուցակների կազմման և հրապարակման գործընթացները: Նոր օրենսգրքի ընդունման գործընթացում նա ընդգծում է բաց թափանցիկ գործելաոճի կարևորությունը:
«Ընտրական օրենսգիրքը կարգավորում է բավականին մեծ քանակությամբ խնդիրներ: Եթե խոսենք, թե ինչպիսի տեսք պետք է ունենան գալիք փոփոխությունները, հաշվի առնելով, որ կան մի քանի առաջնային և ոչ առաջնային խնդիրներ, ապա կարևոր է, թե որքան ժամանակ է հատկացվելու ընտրական օրենսգրքի փոփոխությունների իրականացմանը»,- նշում է Համազասպ Դանելյանը:
Նա նաև ընդգծում է ընտրական գործընթացում իրավապահ մարմինների աշխատանքի կարևորությունը, որի միջոցով հնարավոր է կանխել ընտրակաշառքներն ու այլ տեսակի ընտրակեղծիքները:
«Մեզ անհրաժեշտ են դեպքեր, որից հետո հանրությունը կգիտակցի, որ դա անպատիժ չի կարող մնալ: Ինֆորմացիայի պակաս որպես կանոն չկա, աստեղ խոսքը նրա մասին է, թե այդ տեղեկության հրապարակումից հետո ինչպես են արձագանքում իրավապահները»,- ասում է Դանելյանը:
Այսօրվա իրականությունը Դանելյանը գնահատում է որպես պատմական հնարավորություն: Բարեփոխումները, ըստ քաղաքագետի, կարող են զգալիորեն նպաստել ոչ միայն ընտրական համակարգի կայացմանը, այլ նաև քաղաքական այլ ինստիտուտների օրենսդրության զարգացմանը, որոնց թվում են քաղաքական կուսակցությունների մասին օրենքը:
Բարեփոխված ընտրական օրենսգիրքը կարող է հավասար պայմաններ ստեղծել բոլոր կուսակցությունների համար՝ զերծ մնալով մեկ կամ երկու իշխանական կուսակցությունների շահերի սպասարկումից:
Նմանատիպ նյութեր
1553 դիտում
08:24 16-12-2015
Կոստանյանը առաջին անգամ պետք է ստանձնի ընտրակեղծիքները կոծկելու պաշտոնական պատասխանատվությունը. «Ժողովուրդ»
4015 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
514 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը
550 դիտում
11:34 23-11-2024
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան (տեսանյութ)