Ռեյտինգայինների փողերի էֆեկտը. բիզնեսը սպասում է հիմնարար ազդակների․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հրապարակել է բյուջեի եկամուտների ու ծախսերի հունվար-մայիսի վիճակագրությունը, որտեղ երևում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն ու ծախսերը նվազել են, հատկապես մայիսին դեֆիցիտը կազմել է 45 միլիարդ դրամ՝ գրեթե կրկնապատկվելով նախորդ մայիսի համեմատ: Այստեղ, իհարկե, ողբերգական ոչինչ չկա, եթե հաշվի առնենք մի քանի հանգամանք:
Կարելի է թերևս հաշվել, թե ՀՀԿ բացարձակ, այսպես ասած, հաղթանակը ապահովելու համար որքան փող են ծախսել տեղերում ռեյտինգայինները, այն էլ մեկ տեղում միանգամից երկու, երեք, չորս ՀՀԿ-ական ռեյտինգային, որոնք ծախսել են ու ծախսել ձայների համար: Բնական է, որ այդ ամենը նաև իր արդյունքը պետք է ունենար բյուջեի եկամուտների տեսքով, որովհետև մարդկանց ձեռքին փող է հայտնվել, սկսել են ծախսել, տնտեսությունն աշխուժացել է: Մի բան, որը չկա այլ տարիներին: Հիշում եք, Սերժ Սարգսյանի հարցազրույցն ու փաստարկը, թե 2017 թվականը միակ կայուն տարին էր, և մենք ունեցանք 7 տոկոսից ավելի աճ: Իրականում 2017-ը ընտրական տարի էր, աննախադեպ փողային դերակատարում ունեցած ընտրության տարի, և մենք ունեցանք 7 տոկոս տնտեսական աճ:
Ի վերջո, արդյունավետ կառավարումն ու կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը հույժ կարևոր ազդակներ են ներդրողներին, սակայն դրանք բավարար չեն, ինչպես բավարար չէ, իհարկե, միայն թավշյա հեղափոխությունից եկած ոգևորությունը: Բիզնեսը սպասում է հիմնարար ազդակների, որոնք առայժմ չկան:
Փոխարենը, իհարկե, կա երկու բավական մտահոգիչ ազդակ, եղել է բարձրավոլտ էլցանցերի կառավարման մասին պայմանագրի չեղարկումը՝ «Տաշիր» կապիտալի հետ, առայժմ հիմնարար կերպով չպարզաբանված և նաև հեռանկարի առումով անորոշ, թե ինչ է լինելու ԲԷՑ ճակատագիրը, և Ամուլսարում հանքի շահագործման կամ կասեցման հարցը, որը ևս անորոշություն է, ինչը, մեղմ ասած, դրական ազդակ չէ Հայաստանով հետաքրքրված խոշոր կամ միջին ներդրողներին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]