211652_close_icon

Այդ օրը լուրը, ինչպես կայծակ, հասավ Ռազմիկ Պետրոսյանին. նա չէր սպասում հրահանգի, որովհետև նրա համար հայրենիքի կանչը հրամանից էլ բարձր էր

views-count2056 դիտում article-date 10:30 28-09-2025
2020թ․ սեպտեմբերի 27-ի լուսաբացը այլևս սովորական առավոտ չէր։ Լեռների լռությունը խախտվեց առաջին արկերի որոտով, երկինքը մթագնեց սև ծխով, ու գյուղերի վրա տարածվեց անհանգստության թախիծը։ Մարդիկ դեռ չգիտեին՝ ինչ չափերի փորձություն էր սկսվում, բայց արդեն զգում էին, որ կյանքը բաժանվում է «մինչև» և «հետո»։ Պատմությունը կրկին գրվում էր մեր աչքի առաջ՝ արյան ու կրակի գույներով։

Այդ օրը լուրը, ինչպես կայծակ, հասավ Ռազմիկ Պետրոսյանին։ Նա չէր սպասում հրահանգի, որովհետև նրա համար հայրենիքի կանչը հրամանից էլ բարձր էր։ Մի ակնթարթում ճամփան նրան տարավ դեպի հյուսիսային ճակատ։ Չկար տատանում, չկար երկմտանք․ միայն մեկ բան կար՝ զինվորի սիրտը, որ ուզում էր կանգնել իր ժողովրդի առաջ ու ասել. «Ես այստեղ եմ»։

Առաջնագիծը նրան դիմավորեց պայթյունների թնդյունով ու տղաների հոգնած հայացքներով։ Խրամատներում կանգնածները պայքարում էին ոչ միայն թշնամու, այլև սեփական հոգու հետ։ Երբեմն վախը ավելի ծանր էր լինում, քան թշնամու գնդակը։ Բայց հենց Ռազմիկ Պետրոսյանի ներկայությունն էր, որ փոխեց ամեն ինչ։ Նա եկավ ոչ թե խոսքերով, այլ իր իսկ մարմնով, իր ոգով։ Զինվորը, տեսնելով նրան, վստահություն ստացավ, որ այս հողը չի տրվելու։

Շատ էի լսել լեգենդար 105-ի մասին, բայց այդ օրերին բախտ վիճակվեց՝ հայուհիների հետ միասին ես էլ լինեմ ականատեսն ու մասնակիցը։ Երբեմն միայն մարդու ֆիզիկական ներկայությունը կարող է ճակատամարտի ընթացք փոխել։ Հենց այդպիսին եղավ Ռազմիկ Պետրոսյանը։

Հիմնական շղթայում, որտեղ վախն ու փախուստի վտանգը սողոսկել էին, նա իր շուրջ հավաքեց լեգենդար տղաներին։ Նրանց աչքերում վառեց նոր կայծ ու հետ վերցրեց կորցրած գիծը։ Այդ օրվանից շղթան դարձավ անառիկ։

Իմ խոսքերը կհասկանան նրանք, ովքեր թեկուզ մեկ օր եղել են առաջնագծում։ Եթե բոլոր ուղղություններում աշխարհազորն ու բանակը կարողանային նույն ոգով կռվել, եթե չթողնեին, որ ներքին թշնամին՝ հուսահատության ու կոտրող խոսքերի տեսքով, մտնի մեր շարքերը, մենք կպահեինք բոլոր ճակատները այնպես, ինչպես պահեցինք հյուսիսայինը։

Հյուսիսում կանգնած մնացինք անառիկ։ Որովհետև այնտեղ կային տղաներ, որոնց ոգին կոփվեց ոչ թե խոստումներով, այլ իրականության կրակով։ Եվ նրանց կողքին կանգնած էր Ռազմիկ Պետրոսյանը՝ իր օրինակով հիշեցնելով, որ երբեմն մեկ մարդու հավատը կարող է կռվի ելքը փոխել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր