211652_close_icon

Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում. «Արթմեդ» բժշկական կենտրոնում հնարավոր է եղել փրկել վիրավորի կյանքը. կասկածյալը Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի տեղամասի պետն է

views-count8392 դիտում article-date 18:51 20-10-2025
Հոկտեմբերի 15-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մանկական վնասվածքով «Արթմեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 54-ամյա Իգոր Ղ.-ն է, ով վնասվածքը ստացել է ծեծկռտուքի հետևանքով և «նախաբազուկ ոսկրի միջին ⅓ կոտրվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյուլբենկյան փողոցից: 

Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում նշված փողոցի 30/3 հասցեի մոտ ծագած վիճաբանության ժամանակ նրան բռունցքով հարվածել է մի քանի անգամ Երևանի բնակիչ 23-ամյա Մայիս Ս.-ն, ում Արաբիրի ոստիկանները նույն օրը տաք հետքերով հայտնաբերել են Երևանում և մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Իգոր Ղ.-ն աշխատում է Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանման ՀՈԱԿ-ում՝ որպես այգեպան-բանվոր, իսկ Մայիս Ս.-ն՝ նույն ՀՈԱԿ-ում՝ որպես տեղամասի պետ:
 
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին՝ հետագա քրեական վարույթ հարուցելու կամ մերժելու հարցը քննարկելու համար: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր