4704 դիտում
16:51 09-06-2018
Կիսանդրի` զոհված ոստիկանի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հունիսի 4-ին Արզականի միջնակարգ դպրոցի բակում տեղադրվեց Արցախյան ազատամարտում զոհված, ներքին գործերի նախարարության պետական պահպանության վարչության գնդի ծառայող Խաչիկ Խաչատրյանի կիսանդրին:
Դպրոցը Խաչատրյանի անունն է կրում շուրջ 25 տարի, այն օրից, երբ 1993 թվականի ձմռանը Լաչինում վիրավորվեց և օրեր անց հիվանդանոցում մահացավ միլիցիայի ավագ սերժանտը:
Միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզպետը, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, վետերաններ, զինվորականներ, Խաչատրյանի հարազատներն ու զինակից ընկերները:
Չնայած նրան, որ դասերն ավարտվել էին, միջոցառումը մի ուրույն հայրենասիրական դաս էր գալիք սերունդների համար, և այդ դասը վարում էին դպրոցականները: Կիսանդրու բացումը հուզիչ էր` այն Խաչատրյանի որդուն ու դստերն էր վերապահված:
Աշակերտները հայրենասիրական երգեր երգեցին, պարեցին: Քչերը գիտեին, որ ոստիկանը նաև բանաստեղծություններ է գրել. արտասանեցին նրա քառյակներից:
Խաչատյանի հարազատներն ու ընկերները նրա մասին հուշեր էին պատմում, հպարտությամբ հիշում հայրենասեր ոստիկանի մարտական ուղին:
Միջոցառման ավարտին ներկաները դպրոցից ոչ հեռու գտնվող Խաչիկ Խաչատրյանի գերեզմանին ծաղիկներ խոնարհեցին` ևս մեկ անգամ փաստելով, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվում:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2239 դիտում
12:40 18-03-2016
Փարիզում կա Կոմիտասի հուշարձան և Կոմիտասի կիսանդրի