Հատուկ քննչական ծառայության պետը հրաժարական է տվել
Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, նա այլևս նպատակահարմար չի գտնում շարունակել հետագա ծառայությունը:
Շահինյանի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,
Հատուկ քննչական ծառայությունը վերջին 5 տարիների գործունեությամբ ապացուցել է, որ հավատարիմ է մնացել դեռևս 2013թ.-ից որդեգրած իր կարևորագույն առաքելությանը` հակակոռուպցիոն ռազմավարությանը` հետևողականորեն շարունակելով նոր ձեռքբերումներ արձանագրել այս ոլորտում:
Ես ուրախ եմ, որ ինչպես շատ այլ առիթներով, այնպես էլ այժմ կարող եմ պարզ ճակատով հայտարարել` մեր երկրի իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը վերջին տարիներին այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգում, որքան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: