32977 դիտում
12:22 19-05-2018
Ինչպես Հայաստանում կանխել ճանապարհատրանսպորտային պատահարները, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր կփրկվեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1.ՍԱՐՍԱՓԵԼԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
• Գերմանիայում մեքենաների թիվը մոտ 64 միլիոն է։ Հայաստանում մեքենաների թիվը մոտ կես միլիոն է ։ Տարբերությունը` 128 անգամ։
• Գերմանիայում 2017 թ.-ին ՃՏՊ-ից մահացել է 3177 մարդ, վիրավորվել` 388.200 մարդ ։ (հարաբերակցությունը` 122)։ Հայաստանում 2017թ.-ին ՃՏՊ-ից համացել է 279 մարդ, վիրավորվել` 5179։ (հարաբերակցությունը` 18,5)։
• Այսինքն Գերմանիայում կես միլիոն մեքենայի հաշվարկով տարեկան մահանում է 24 մարդ, իսկ Հայաստանում` 11 անգամ ավելի շատ` 279 մարդ։ Ընդ որում Գերմանիայում զոհերի թիվը վերջին տարիներին կայուն նվազում է, իսկ Հայաստանում` ավելանում։
• Վիրավորների և զոհերի հարաբերակցության տարբերությունը, իմ խորին համոզվածությամբ ծագում է մեքենաների և ճանապարհների անվտանգության չափանիշները չպահպանելով։ Սա առանձին թեմա է։
• Եթե Հայաստանը նման լիներ Գերմանիային, ապա միայն 2017 թ.-ին Հայաստանում չէր զոհվի 254 մարդ։ Իսկ եթե Գերմանիան նման լիներ Հայաստանին, ապա Գերմանիայում միայն 2017 թ.-ին կզոհվեր 36.154 մարդ` 32.977-ով ավելի։
• Ներքոշարադրյալ քայլերը շուտափույթ կատարելու դեպքում Հայաստանում հենց առաջիկա ամիսներին հնարավոր կլինի փրկել տասնյակ կյանքեր։ Ավելի երկարաժամկետ բարեփոխումների դեպում ՀՀ-ում առաջիկա տարիներին փրկված կյանքերի թիվը կհաշվվի հարյուրներով։
2. Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ (կոնցեպներ և կոնկրետ անելիքներ)
• Թարմացնել գծանշումները` հատկապես ճանապարհների եզրագծերը և ոլորանների զգուշացումները։ Հագեցնել ճանապարհների կահավորումը։
• Կազմակերպել իրական տեխնիկական զննություն։ Զննությունը չանցած մեքենաներին չտրամադրել վկայական։ Առաջիկա 3-4 ամիսներին բոլոր մեքենաների համար պարտադիր զննում։
• Վերջին x տարում ՃՏՊ գրանցած վարորդների համար պետության հաշվին 2-3 տարում կազմակերպել պարտադիր վարորդական քննություն։
• Կազմել խախտումների տուգանքների նոր աղյուսակ, որտեղ հաշվի կառնվեն մի շարք կրիտերիաներ, որոնք հաշվի չեն առնվել մինչ այժմ (տես կետ 3-ը ստորև)։
• Մի քանի անգամով պակասեցնել ճանապարհներին պարեկություն անող ոստիկանների քանակը և տնտեսված միջոցները ուղղել 1-3 կետերի իրականացմանը։
• Մեկ խոսքով ասած` Հայաստանում տեղայնացնել և կիրառել այս բնագավառում հաջողություն գրանցած որևէ երկրի համակարգը։
3.ԻՆՉՊԵ՞Ս ՈՐՈՇԵԼ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԸ (ԿՐԻՏԵՐԻԱՆԵՐ)
Մինչև այս հարցի պատասխանը տալը պետք է սահմանել կրիտերիաներ։
• Կրիտերիա առաջին` երկրում միջին աշխատավարձի հետ հարաբերակցությունը։ Հայաստանում տուգանքների չափը անտրամաբանական մեծ է։
• Կրիտերիա երկրորդ` խախտման հաճախականությունը։ Կոպիտ կամ հաճախակի խախտումների դեպքում վարորդը ժամանակավորապես պետք զրկվի է մեքենա վարելու իրավունքից և (կամ) ստանա տուգանային միավորներ։
• Կրիտերիա երրորդ` տուգանքի չափը պետք է պակասի կամ նվազի` կախված խախտման վայրից և մեքենայի տիպից (բնակավայրերում` ավելի , մայրուղիների վրա` պակաս, թեթև մարդատարինը պակաս, բեռնատարինը` ավելի ևն)։
4. ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱ։ ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵՆՔ ՀԱՋՈՂԱԿՆԵՐԻՑ։
Գերմանիայում միջին աշխատավարձը 2017-ին եղել է 3771 եվրո ։ Հայաստանում միջին աշխատավարձը նույն 2017-ին` 190.000 դրամ է ` շուրջ 333 եվրո։ Տարբերությունը 11,3 անգամ է։ Ի՞նչն է խանգարում մեզ` մինչև ավելի լավ բան մտածելը կրկնօրինակել գերմանացիներին և մեր տուգանքները սահմանել գերմանականից 11 անգամ պակաս չափով։ Բայց սա դեռ ամենը չէ։ Սրան գումարում ենք ճանապարհների վատ վիճակը։ Գերմանիայում, օրինակ, հնարավոր չէ, որ կարմիր լույսը վառվի, բայց վարորդը դա չնկատի, նշանը ծռված լինի, բացակայի, բնակավայրերը նշված չլինեն, ճանապարհը գծանշված չլինի, դեղատան կանաչ ցուցանակը վառվի` վարորդը դա շփոթի լուսացույցի կանաչ լույսի հետ ևն։ Այս ամենը Հայաստանում համատարած է։
Ուստի եթե Հայաստանում լինեին գերմանական որակի ճանապարհներ, տուգանքների չափերի տարբերությունը պետք է լիներ 11 անգամ պակաս` միայն հաշվի առնելով աշխատավարձը։
Իսկ եթե հաշվի առնենք նաև ճանապարհների որակների՛ տարբերությունը, ապա տուգանքների չափի տարբերությունը պետք է լինի ավելի՛ շատ` ասենք ևս մեկ երրորդով պակաս։
5. ԱՂՅՈՒՍԱԿ (ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ)
Այս աղյուսակում ներկայացված են արագության գերազանցման դեպքում Գերմանիայում կիրառվող տուգանքների համապատասխան չափով պակասեցված թվերը։ հեշտ հաշվարկի համար թվերը նախ պակասեցրել ենք 10 անգամով (11-ի փոխարեն) և ստացել ենք ՀՀ-ում միջին աշխատավարձին «համապատասխան» տուգանքի չափ, իսկ փակագծերի մեջ ստացվածը պակասեցրել ենք ևս շուրջ 25-35 տոկոսով, հաշվի առնելով ճանապարհների վիճակը։ Սա միայն մեկ օրինակ է։ Նույն ձևով պետք է սահմանել նաև մնացած խախտումների տուգանքների չափը։
Ըստ այդմ
• Թույլատրելիից մինչև 10 կմ ժամ արագության գերազանցման տուգանքը Գերմանիայում 10 եվրո է, ուստի Հայաստանում պետք է լինի առավելագույնը 1 եվրո` շուրջ 600 դրամ (իսկ հաշվի առնելով ճանապարհների և կահավորվածության ևն վիճակը` խելամիտ է, որ տուգանքը լինի շուրջ 400 դրամ)։
• Արագության գերազանցում 11-15 կմ ժ.` Գերմանիայում 20 եվրո է, ուստի Հայաստանում պիտի լինի առավելագույնը 2 եվրո` շուրջ 1000 դրամ (իսկ հաշվի առնելով մեր ճանապարհների վիճակը` խելամիտ է, որ լինի մոտ 700 դրամ)
• 16-20 կմ`Գերմանիա 30 եվրո, Հայաստան` 3 եվրո` շուրջ 1500 դրամ (իսկ ավելի խելամիտ է` 1000 դրամ)
• 21-25` 7 եվրո` 4000 դրամ (3000 դրամ) և 1 տուգանային միավոր
• 26-30` 8 եվրո` 4500 դրամ ( 3000 դրամ) և 1 տուգանային միավոր (մեկ ամիս իրավունքի զրկում, եթե մեկ տարվա մեջ երկու անգամ նմանատիպ խախտում է եղել)։
• 31-40 կմ – 12 եվրո 7000 դրամ (5000 դրամ, այժմյան տուգանքը 30.000 դրամ է) 1 տուգանային միավոր և մեկ ամիս իրավունքի զրկում)։
• 41-50 կմ – 16 եվրո` 9000 դրամ (7000, այժմյան տուգանքը 40.000 դրամ է), 2 տուգանային միավոր 1 ամիս իրավունքի զրկում։
• 51-60 – 24 եվրո 14.000 դրամ (10.000 դրամ) 2 տուգանային միավոր 1 ամիս իրավունքի զրկում։ (Այժմյան տուգանքը 50.000 դրամ է)
• 61-70 44 եվրո 25.000 դրամ (20.000 դրամ հիմա տուգանում են 60.000 դրամ տուգանային միավոր չեն տալիս, իրավունքից չեն զրկում, այսինքն ներկա տուգանքերի դրդապատճառը ոչ թե մարդու կյանքը պաշտպանելն է, այլ վարորդներից փող կորզելը), 2 տուգանային միավոր 2 ամիս զրկում։
• 70-ից ավել, 60 եվրո 35.000 դրամ, 2 տուգանային միավոր և 3 ամիս զրկում։
6. ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տուգանային միավորների հետևանքները Գերմանիայում շատ խիստ են։ Ոչինչ չի խանգարում նույն խստությունը կիրառել նաև Հայաստանում։
Ըստ այդմ`
• 1-3 տուգանային միավոր – գրանցվում է առանց վարորդին նախազգուշացնելու։
• 4-5 տուգանային միավոր – Վարորդին տրվում է գրավոր նկատողություն և տուգանք։ Բացի այդ վարորդին հորդորվում է կամավոր հաճախել վարորդական սեմինարի և պակասեցներլ տուգանային միավորները (մեկ սեմինար- մեկ միավոր)։
• 6 – 7 տուգանային միավոր - Վարորդին տրվում է նախազգուշացում և տուգանք։ Պակասեցնելու ձև այլևս չկա։
• 8-տուգանային միավոր – Անձը համարվում է վարորդ լինելու համար անպիտան և անմիջապես զրկվում է վարորդական իրավունքից։ Զրկվելուց հետո, ամենաշուտը 6 ամիս անց միայն տվյալ անձը իրավունք ունի նորից դիմելու վարորդական իրավունք ստանալու համար։ Բայց դա միայն այն դեպքում, եթե անձը պարբերաբար հոգեբանական տեստերի մասնակցի և դրական արդյունք ունենա։
Որպեսզի պարզ լինի տուգանայնի միավորների խստությունը, նշեմ 3 տուգանային միավոր «արժեցող» խախտումների մի քանի օրինակ` հարբած ղեկին նստելը, առանց համարանիշի երթևեկելը, վթարի հեռացումը, մեքենա վարելիս անզգուշությամբ մարդուն վնասելը կամ սպանելը ևն)
7. ԱՄՓՈՓՈՒՄ
Այսպիսով, Հայաստանի ճանապարհային անվտանգությունը ողբալի վիճակում է։ Եվ չնայած գերմանական չափանիշներին հասնելու համար երկար տարիների քրտնաջան աշխատանք է հարկավոր (որը մի կառավարության անելիք չէ), բայց մի շարք քայլեր անմիջապես կիրառելու դեպքում իրավիճակը կարելի է շեշտակի լավացնել` տարեկան փրկելով տասնյակ կյանքեր։
[b]«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, քաղաքական ակտիվիստ Նարեկ Սարգսյան
[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26616 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ