211652_close_icon

Շենգավիթի ոստիկանների հերթական բացահայտումը. տաք հետքերով հայտնաբերվել է փողոցի տարբեր հատվածներում «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող զանգվածով փաթեթներ տեղադրողը. ամեն փաթեթի համար նրան խոստացել էին 10 դոլար

views-count10039 դիտում article-date 18:26 23-10-2025
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ հերթական թմրանյութի հայտանբերման դեպքն են բացահայտել Երևանում:
 
Այդ օրը Շենգավիթի ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Վահան Ե.-ն իր կողմից շահագործվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ է պահում:
 
Տեղում Շենգավիթի ոստիկանները պարզում են, որ նշված ավտոմեքենան երթևեկում է Շենգավիթ վարչական շրջանի Կողբի նրբանցքներից մեկով և ոստիկանները օպերատիվորեն ժամանում են նշված հասցե, որտեղ էլ նկատում են կասկածելի «Nissan»-ը, ու կարողանում են պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել վարորդին, ում էլ ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձերբակալման ժամանակ կասկածյալը, ով 25-ամյա Վահան Ե.-ն է, «նիսան»-ի միջից դուրս է նետում պայուսակ, որը հայտնաբերվում է ոստիկանների կողմից, իսկ պայուսակում լինում է «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող զանգվածով լցված, կապույտ, կպչուն ժապավենով փաթեթներ: 

Արդեն տեղում փաստերի ճնշման տակ Վահան Ե.-ն հայտարարում է, որ պայուսակը և այնտեղ հայտնաբերված կասկածելի փաթեթները ինքը ձեռք է բերել տելեգրամ հավելվածից՝ 400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով և այդ ամենը պետք է տեղադրեր Կողբի նրբանցքի տարբեր հատվածներում՝ յուրաքանչյուր փաթեթի տեղադրման համար ինքը ստանալու էր 10 դոլարին համարժեք դրամ:
 
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի որոշմամբ՝ Վահան Ե.-ն ձերբակալվել և տեղափոխվել է Ձերբակալվածների պահման վայր:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի կողմից առգրավվել է թվով 20 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված ընդհանուր 9․23գ. քաշով, որից 1 փաթեթը տեղադրված է եղել նշված վայրում իրացնելու նպատակով։

«Nissan»-ը տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր