211652_close_icon
views-count2118 դիտում article-date 10:49 12-05-2018

Մեր հերոսը մարդ-փրկիչն է, որը դուրս է գալիս քարանձավից, հանում է թուրը և ժողովրդին ազատում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վերջերս քաղաքական իմիջի փորձագետ Էլինա Ասրիյանն իմ ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ռուսական և մեր առասպելաբանությունը խիստ տարբեր են: Ռուսների գլխավոր հերոսներից մեկն է «царь-батюшка»-ն, որը վերին արդարության մարմնավորումն է և ժամանակ առ ժամանակ պատժում է չարամիտ բոյարներին՝ իրենց «ոչ ժողովրդանպաստ» արարքների համար: Պուտինի ժամանակաշրջանում, օրինակ, պարբերաբար աշխատանքից են ազատվում ու անգամ դատվում են նահանգապետերն ու քաղաքապետերը: Մի քանի ժամ տևող ուղիղ եթերի ժամանակ «ցարին» դիմում են շարքային քաղաքացիները և, ենթադրենք, տեղեկացնում են, որ իրենց ծորակից վատ ջուր է գալիս, ու ցարը նույն պահին հանձնարարում է իր բոյարներին անհապաղ շտկել թերությունը: 1930-ականներին նույնպիսի «ցար» էր Ստալինը, և հավատավոր կոմունիստները գնդակահարվելուց առաջ բացականչում էին՝ «ախ, եթե ընկեր Ստալինն այս ամենի մասին իմանար»: (Ի դեպ, հենց այդ պատճառով Ստալինի մահվանից հետո «փուռը տվեցին» Բերիային՝ «ցարին» անառիկ պահելու համար): Այն ղեկավարները, որոնք շեղվում էին «царь-батюшка»-ի կերպարից՝ Ալեքսանդր 2-րդը, Խրուշչովը, Գորբաչովը, արժանանում էին ռուս ժողովրդի մերժմանը և արգահատանքին: Հիմա, երբ Նավալնին ասում է՝ «он нам не царь», նա արտահայտում է Ռուսաստանի մեգապոլիսների բնակչության 30 տոկոսի (հիմնականում երիտասարդության) տեսակետը, մնացած ռուսաստանցիները կարծում են, որ Պուտինը «ցար» է որ կա: Հայկական առասպելաբանությունը այլ բնույթի է: Այստեղ չկա բարի և արդարամիտ թագավորի կերպարը: Հակառակը՝ «ցանկացած իշխանություն Աստծուց է» աստվածաշնչյան գաղափարը մեզ համար բացարձակապես անընդունելի է (ի տարբերություն ռուսների): Մեր հերոսը մարդ-փրկիչն է, որը դուրս է գալիս ինչ-որ քարանձավից, հանում է իր թուրը և ժողովրդին ազատում է, փրկում է հրեշավոր, չարիքը մարմնավորող ուժերից: Այդ դերում կարող են հանդես գալ զորավարներ, օրինակ՝ Վարդան Մամիկոնյանը կամ Անդրանիկ-փաշան: Վերջին 30 տարում հայերն այսպիսի հերոս էին ուզում տեսնել ընդդիմադիր առաջնորդների մեջ, բայց, հավանաբար, նրանց ինչ-որ բան պակասում էր: Եվ միայն 1990-ին Լևոն Տեր-Պետրոսյանը և 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իրենց բոլոր չափանիշներով համապատասխանեցին այդ կերպարին: Բայց երկուսն էլ դարձան «թագավորներ», և, համենայնդեպս, Առաջին նախագահի դեպքում մեր ժողովրդի վերաբերմունքը «թագավորների» նկատմամբ բացահայտվեց ողջ ուժով (իհարկե, նաև Տեր-Պետրոսյանի մեղքով): Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանի դեպքում այդպես չի լինի: Իսկ եթե այդ առասպելաբանական կարծրատիպն, այնուամենայնիվ, գործի, թող դա լինի որքան հնարավոր է՝ ուշ: Պետության կայունության հարց է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր