211652_close_icon

Երևանի մետրոպոլիտենում կան մարդիկ, որոնց օրն արդեն տասնամյակներ շարունակ սկսվում ու ավարտվում է քաղաքի ստորգետնյա զարկերակի՝ մետրոյի առավոտների ու գիշերների հետ. նրանք մետրոյի պատմության կենդանի էջերն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count5045 դիտում article-date 19:06 24-10-2025
Մարդիկ, որոնք իրենց կյանքը նվիրել են մետրոյին

Կան մարդիկ, որոնց աշխատանքն ավելին է, քան մասնագիտություն․ այն դառնում է կյանքի ճանապարհ, կոչում, երբեմն էլ՝ ճակատագիր։

Երևանի մետրոպոլիտենում կան մարդիկ, որոնց օրն արդեն տասնամյակներ շարունակ սկսվում ու ավարտվում է քաղաքի ստորգետնյա զարկերակի՝ մետրոյի առավոտների ու գիշերների հետ։ Նրանք մետրոյի պատմության կենդանի էջերն են՝ ականատես ու մասնակից դրա յուրաքանչյուր շրջափուլին։

Այս մարդիկ իրենց ճակատագիրը կապել են մետրոյի հետ։ Տարիների ընթացքում այստեղ են մեծացել, հասակ առել, սիրել իրենց գործը՝ այն դարձնելով կյանքի անբաժան մաս։ Մետրոյի պատերի ներսում նրանք գտել են իրենց կոչումը, իսկ այսօր էլ նույն երիտասարդ ավյունով շարունակում են իրենց աշխատանքը՝ պատասխանատվությամբ, նվիրումով ու սիրով։
Նրանք իրենց ամենօրյա աշխատանքով ապահովում են մետրոյի կենսունակությունը և, այդպիսով, ծառայում նաև մեր մայրաքաղաքին՝ Երևանին։

Իրենց հարուստ փորձն ու մասնագիտական գիտելիքները փոխանցում երիտասարդ սերնդին՝ նրանց հաջողություններում տեսնելով սեփական աշխատանքի շարունակությունը։
Իսկ մետրոն նրանց համար տուն է՝ հարազատ ու ջերմ, որի հասցեին հնչող ամենափոքր քննադատությունն անգամ ընկալում են որպես անձնական։

Երևանի 2807-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա բարեխիղճ աշխատանքային գործունեության և անմնացորդ նվիրումի համար մետրոպոլիտենի երկարամյա հինգ աշխատակիցներ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրվեցին «Էրեբունի-Երևան 2800-ամյակ»-ի հուշամեդալով՝

Սլավա Մկրտումյան – վարչակառավարչական ապարատի անվտանգ երթևեկության տեսչության ավագ տեսուչ,
Թագուհի Աթայան – էլեկտրամատակարարման ծառայության էլեկտրաէներգիայի հաշվառման և վերահսկողության խմբի ղեկավար,
Գարեգին Կարճիկյան – էլեկտրամեխանիկական ծառայության շարժասանդուղքների սպասարկման ուղեմասի ավագ վարպետ,
Անաիդա Բունիաթյան – կազմարար,
Ռուբեն Գևորգյան – էլեկտրամեխանիկական ծառայության ջրահեռացման ագրեգատների սպասարկման և վերանորոգման տեղամասի ավագ էլեկտրամեխանիկ։

Շնորհակալություն այս մարդկանց, որոնք իրենց կյանքի 45 և ավել տարիները նվիրել են մետրոպոլիտենին՝ իրենց աշխատանքով պահելով քաղաքի ներքին շարժը՝ լուռ, անտեսանելի, բայց հաստատուն։

Այսօր պարգևատրված գործընկերներին աշխատավայրում սիրով, ծափողջյուններով ու ծաղիկներով դիմավորեցին երիտասարդ գործընկերները՝ նրանց մաղթելով ուժ, առողջություն և համատեղ աշխատանքի երկար տարիներ։

Մետրոպոլիտենի ողջ անձնակազմը՝ գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի գլխավորությամբ շնորհավորում է պարգևատրված գործընկերներին՝ մետրոպոլիտենի նվիրյալներին ու մաղթում առողջություն ու բարեկեցություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր