211652_close_icon
views-count3309 դիտում article-date 12:16 08-05-2018

Մեկնարկել է ՀՀ վարչապետի ընտրության ԱԺ հատուկ նիստը. միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկեց հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանն առաջադրվել է պատգամավորների թվի 1/3-ից ավելի՝ 41 ստորագրությամբ: Նրա առաջադրմանն ու թեկնածությունը սատարելու մասին հայտարարել են «Ելք» խմբակցությունը՝ 9 պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31 պատգամավոր և ՀՅԴ-ն՝ 6 պատգամավոր (խմբակցության 7 պատգամավորներից մեկը՝ Աղվան Վարդանյանը վարչապետի ընտրության առաջին փուլում, դեմ գնալով խմբակցության՝ կողմ քվեարկելու որոշմանը, հայտարարեց չքվեարկելու մասին, նա մանդատը վայր է դրել կուսակցության պահանջով): Վարչապտի պաշտոնում ընտրվելու համար Փաշինյանը պետք է 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում ստանա առնվազն 53 ձայն: Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: Իսկ ՀՀ նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն հայտարարել է, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այսօր Հայաստանը կունենա վարչապետ: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր