211652_close_icon
views-count5318 դիտում article-date 11:51 01-05-2018

Մայիսի 1-ն Աշխատավորների միջազգային օրն է. բացառիկ լուսանկարներ «Արմենպրես»-ի արխիվից

Աշխատավորների միջազգային օրը նշվում է մայիսի 1-ին: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում եւ Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: 1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Հուզումների այս ալիքը շարունակեց նոր թափ հավաքել եւ արդյունքում արդեն 1889թ.-ին Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն մայիսի մեկին երթեր և հանրահավաքներ անցկացնել: Կոնգրեսի որոշմամբ սահմանվեց նաև մեկ միասնական օր, որը աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգին հնարավորություն կտար իշխանություններին ներկայացնել իր պահանջները, պայքարել իր իրավունքների, հատկապես 8-ժամյա աշխատանքային օրվա համար: Արդեն 1890 թվականին Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի եւ այլ եվրոպական երկրների աշխատավորներն առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ: 20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: 1891 թվականին Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը: Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը, մասնավորապես, սկսվեց նշվել 1919թ., ինչից հետո ամեն տարի գիտնականները, ուսանողները, մարզիկները և մարմնամարզիկները, երիտասարդները երթով անցնում էին քաղաքի փողոցներով` այդ կերպ ևս մեկ անգամ փառաբանելու և մեծարելու արարումն ու աշխատանքը: Այսօր Աշխատավորների միջազգային օրը նշվում է աշխարհի ավելի քան հարյուր պետություններում: Տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ընթացքում մեծարվում եւ գնահատանքի են արժանանում աշխատանքի վետերանները, աշխատավոր դասակարգի ներկայացուցիչները: Օրն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու աշխատանքային ոլորտի խնդիրներին, աշխատանքային իրավունքի խախտումներին: Արձակուրդային վճարների չտրամադրում, աշխատանքից ոչ իրավաչափ կերպով ազատում, գործատուների կողմից աշխատողների չգրանցում, աշխատավարձի մասնակի գրանցում և այլն: Ոլորտի մասնագետները փաստում են, որ սրանք աշխատանքային իրավունքների հետ կապված այն հիմնական խախտումներն են, որոնք առկա են պրակտիկայում: «[url=https://armenpress.am/arm/news/931980.html]Արմենպրես[/url]»-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ իր արխիվից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր