Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Մեր ժողովուրդը տարիներ շարունակ տոնում է այս օրը` ամեն ժամանակաշրջանում նոր իմաստ հաղորդելով դրան: Քրտնաջան աշխատանքն ու բազմավաստակ աշխատավորն ավանդաբար մեծ պատիվ ու հարգանք են վայելել դեռևս մեր նախնիների մոտ: Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել ու հանդիսացել ընդօրինակման առարկա:
Այսօր էլ արցախցին ջանք ու եռանդ չի խնայում սեփական հողի շենացման, հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Պետությունն էլ իր հերթին անում է հնարավորն աշխատավորների իրավունքների պաշտպանության, նոր աշխատատեղերի ստեղծման, գործազրկության վերացման, մարդկանց աշխատանքով ապահովելու ուղղությամբ: Սրանք այն կարևոր խնդիրներից են, որոնք մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Թանկագին արցախցիներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ազնիվ ու արդար աշխատանքում` ի նպաստ և ի բարօրություն ձեր ընտանիքների և հարազատ Արցախի»: