211652_close_icon
views-count1201 դիտում article-date 20:32 20-10-2026

Տիգրան Ավինյանի հանձնարարականի արդյունքում Հունան Ավետիսյան փողոցի բնակիչները հրաժարվեցին դիմել Իլոն Մասկին․ «Վեոլիա ջրի» և Նոր Նորքի թաղապետարանի ժամեր տևած տանջալից աշխատանքի արդյունքում կեղտաջրերի հոսքը դադարեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչների կողմից արդարացիորեն բարձրաձայնված խնդրի մասին, երբ բնակիչները նշել էին, որ 1 ամսից ավելի է բազմաբնակարանային շենքերի բակով անցնող դիտահորից խցանման պատճառով կեղտաջուրը հոսում էր ճանապարհով մեկ, և իրենք անընդհատ զանգահարել էին Նոր Նորքի թաղապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի դրական լուծում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով երեկ արդեն ժամանել էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանի աշխատակազմի ու «Վեոլիա ջուր» ընկերության Երևան համապատասխան տարածքային բաժնի աշխատակիցները։

«Վեոլիա ջրի» աշխատակիցները մեծ դժվարությամբ են կարողացել խցանված դիտահորը բացել, քանի որ որոշ «վայ» բնակիչներ ինչ աղբ ասես լցրել էին, ու երբ իրենց մեղքով տեղի է ունենում խցանում, սկսում են Երևանի քաղաքապետարանին, թաղապետարանին ու «Վեոլիա ջրին» մեղադրել անգործության մեջ, մինչդեռ առաջին հերթին իրենք պետք է սրտացավություն ցուցաբերեն, ամեն ինչ չնետեն կոյուղու մեջ ու խցանում առաջացնեն։

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին արդեն կեղտաջրերի հոսքը դադարել էր, սակայն թաղապետարանի ու «Վեոլիա ջրի» աշխատակիցները տեղում ուսումնասիրում էին, որպեսզի կարողանան հարցն առաջիկայում լուծել՝ նոր ու մի քիչ ավելի մեծ տրամաչափի, ավելի որակական կոյուղատար անցկացնելով։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, գրեթե մեկ ամսից ավելի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Հունան Ավետիսյան 6-րդ, 36-րդ, 38-րդ բազմաբնակարանային շենքերի բնակիչները չէին կարողանում ազատվել գարշահոտ ու հակասանիտարական վիճակից, քանի որ 1 ամսից ավելի է՝ շենքի բակային հատվածով անցնող դիտահորից կոյուղատարի խցանման պատճառով կեղտաջուրը ամբողջությամբ դուրս էր գալիս ու հոսում մոտ 1 կիլոմետր։

Հոկտեմբերի 19-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել էին.

«1.5 ամիս է՝ այս գարշահոտն ենք շնչում, 1.5 ամիս է՝ զանգահարում ենք թաղապետարան, «Վեոլիա ջուրը», սակայն գործը գլուխ չի գալիս։ Թաղապետարանն ասում է դա «Վեոլիա ջրի» գործն է, «Վեոլիան» էլ՝ թաղապետարանի։ Այսօր ասացինք ստիպված զանգահարեք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ։ Լսեցին մեզ, խոստացան ինչ հնարավոր է անել, բայց այլ խողովակներով էլ ճշտել ենք, որ այնպես չէ «Վեոլիա ջուրը» գլուխ է պահում, պարզապես վթարը վերացնելու համար «Վեոլիա ջուրը» պետք է հատուկ տեխնիկա օգտագործի, ճանապարհի որոշ հատված քանդեն, իսկ դրա թույլտվությունը պիտի տա Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը, բայց անգամ դա չի տալիս թաղապետը, երևի ինչ-որ սև կատու է անցել թաղապետի, «Վեոլիա ջրի» կամ բնակիչների միջով, ինչից տուժում ենք մենք՝ բնակիչներս, ովքեր կանոնավոր վճարումները կատարում են։

Արդեն չգիտենք՝ էլ ինչ միջոցի դիմենք։ Մարդ էդ աստիճանի անմարդասեր լինի՞, որ թույլտվություն չտա «Վեոլիային»՝ գան էս կեղտը վերացնեն։ Էլ թաղապետից հույս չունենք, դրա համար խնդրում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ինքը միջոցներ ձեռնարկի, որպեսզի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» համագործակցեն ու մեզ փրկեն այս խոլերայից, և ոչ միայն խոլերա, կա նաև համաճարակի վտանգ»։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դիտահորից թափվող կեղտաջուրը հոսում ու մի ահագին ճանապարհահատված ոչ միայն գրավել էր, այլ նաև այդ ճանապարհով հետիոտները չէին կարողանում անցնել․ կամ հակագազ պիտի կրեին, կամ դիմակ, կամ էլ դիմեին Իլոն Մասկին, որպեսզի նրա կողմից ստեղծված թռչող մեքենաներից տրամադրեր Հունան Ավետիսյանի փողոցի բնակիչներին։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր