211652_close_icon
views-count2810 դիտում article-date 22:48 26-03-2018

Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Արմեն Աշոտյան

Այսօր՝ մարտի 26-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որը համանախագահել են Արմեն Աշոտյանը եւ Կոնստանտին Զատուլինը: Բացելով նիստը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խորին ցավակցություն է հայտնել ռուս գործընկերներին՝ նախորդ օրը Կեմերովոյի առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների համար: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը: Արմեն Աշոտյանը կարեւորել է հայ-ռուսական քաղաքական օրակարգային խնդիրների քննարկումը հանձնաժողովների մակարդակով եւ ընդգծել, որ ազնիվ ու գործընկերային համագործակցության այս ձեւաչափը լրացնում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որն առկա է երկու երկրների հարաբերություններում: «Բարձր մակարդակի վրա է նաեւ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությունը»,-նշել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նախորդ երկու օրերի ընթացքում արդեն իսկ արդյունավետորեն քննարկվել են խորհրդարանական եւ քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր: «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի խորհրդարանի հետ մեր հարաբերությունների ողջ ծավալը: Մենք պատրաստակամ ենք, անհրաժեշտության դեպքում, մեր ռուս գործընկերներին փոխանցել մեր քաղաքական փորձը, որը ձեռք ենք բերել խորհրդարանական կառավարման անցնելու ընթացքում»,- ասել է Արմեն Աշոտյանը: ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ ցավակցության համար, անդրադարձել հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին, երկու երկրներում ընթացող քաղաքական գործընթացներին: Նա նույնպես բարձր է գնահատել հայ-ռուսական փոխգործակցությունը եւ նշել, որ այն արդյունավետ եւ կայուն զարգանում է: Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ անցած երկու տարիներին արդեն իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ. վավերացվել են Հայաստանի եւ Ռուսաստանի համար կարեւոր փաստաթղթեր: Բացի այդ, 30 տոկոսով մեծացել է ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ, ավելացել է Հայաստան ՌԴ այցելող քաղաքացիների թիվը: «Հայ-ռուսական համագործակցությունը խորհրդարանական ձեւաչափում» թեմայով ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը եւ Վիկտոր Վոդոլացկին՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կողմից: Կարեն Բեքարյանը խոսել է երբեմն ի հայտ եկող խնդիրներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունից՝ այս համատեքստում անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին, ինչը, նրա խոսքով, ցավով է ընդունվում հայ հանրության կողմից: «Խնդիրները եթե չեն լուծվում, դրանք հետագայում ընդլայնվելու միտում են ունենում: Սա մեր տրամաբանության մեջ որպես բիզնես գործարք չի ընկալվում»,- նկատել է պատգամավորը: Խնդրին մտքերի փոխանակության ընթացքում անդրադարձել է նաեւ հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանը՝ նշելով Ադրբեջանի կողմից հարձակողական զենք ձեռք բերելու հանգամանքը եւ Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական վայրագությունները: Պատգամավորը հարցը դիտարկել է մարդու կյանքի իրավունքի տեսանկյունից: Հայ պատգամավորների այս դիտարկումներին անդրադարձել է Կոնստանտին Զատուլինը՝ նշելով, որ չպետք է կասկածներ լինեն առ այն, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: «Տարիներ շարունակ մենք մնում ենք նույն դիրքերում, մեզ մտահոգում է հռետորաբանությունը, վախի մթնոլորտը: Ադրբեջանն իրեն փակուղի է գցում: Չպետք է թույլ տալ խնդրի ռազմական ճանապարհով լուծում»,- ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում ընդգծել է ռուս պատգամավորը: Վիկտոր Վոդոլացկին նույնպես անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք վերելք են ապրում, սակայն կան հարցեր, որոնք դեռեւս անկատար են: Խոսքը վերաբերում է երիտասարդության հետ կապված ծրագրերին: Նա կարեւորել է նաեւ միջազգային հարթակներում փոխշահավետ աշխատանքի իրականացումը՝ Հայաստանը դիտարկելով որպես վստահելի գործընկեր: Վիկտոր Վոդոլացկին խոսել է նաեւ երկու խորհրդարանների համատեղ նիստի անցկացման գաղափարի մասին՝ նշելով, որ միջխորհրդարանական համագործակցությունն ընթանում է արդյունավետ, սակայն դրա հետագա զարգացման առումով աշխատանք պետք է իրականացնել: Կողմերը կարեւորել են միջազգային տարբեր հարթակներում փոխշահավետ համագործակցությունը, անհրաժեշտ համարել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն երկու ժողովուրդների, հատկապես երիտասարդների հոգեւոր-մշակութային կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Այս առումով կարեւորվել է երկու երկրներում միջհամայնքային շփումների ընդլայնումը, այդ թվում նաեւ՝ խորհրդարանական ձեւաչափում: Պաշտպանելով այս տեսակետը՝ որոշվել է հանձնաժողովների հաջորդ նիստն անցկացնել Ռոստովում: «Եվրասիական ինտեգրում ու ժողովրդական դիվանագիտություն» թեմայով ելույթներ են ունեցել Արտաշես Գեղամյանը եւ Վլադիմիր Կատենեւը: Արտաշես Գեղամյանն անդրադարձել է աշխարհում ընթացող մարտահրավերներին, կարեւորել դրանց դիմակայելը ԵԱՏՄ շրջանակներում: Խոսելով տնտեսական ոլորտում գերտերությունների վարած քաղաքականությունից՝ պատգամավորն այն համարել է «սառը պատերազմ», որին պետք է դիմակայել: Նա նույնպես կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում համագործակցության ակտիվացումը, անդրադարձել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրին: Վլադիմիր Կատենեւը խոսել է ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառության ծավալների, երկու երկրների համագործակցության ոլորտների մասին՝ նշելով, որ այդտեղ մեծ տեղ է զբաղեցնում էներգետիկ բնագավառը: Ժողովրդական դիվանագիտության տեսանկյունից նա նույնպես կարեւորել է միջհամայնքային համագործակցության ընդլայնումն ու երկու երկրներում տարբեր ծրագրերի իրականացումը: Նիստի ավարտին ստորագրվել է համատեղ հայտարարություն, որից հետո Արմեն Աշոտյանը եւ Կոնստանտին Զատուլինը հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր