Քրդերը հայտարարել են Ռաջո քաղաքի համար մարտերում 59 թուրք զինվորի ու գրոհայինների մահվան մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առնվազն 59 թուրք զինվոր և թրքամետ «Սիրիական ազատ բանակի» գրոհայիններ են զոհվել սիրիական Աֆրինի Ռաջո քաղաքը գրոհելու ժամանակ: Այդ մասին հայտարարել է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ներկայացուցիչ Բրուսկ Հասեկեն:
Նրա խոսքերով, թուրքական լրատվամիջոցների տեղեկությունները Ռաջոն գրավելու մասին չեն համապատասխանում իրականությանը:
«Այժմ մարտերն ընթանում են քաղաքի արևմտյան հատվածում, ինչպես նաև Մեյդանկայի շրջանում գտնվող ամբարտակի մոտ», ասել է Հասեկեն:
Իրենց հերթին, թուրք զինվորականները հայտարարել են, թե վերջին օրերին ոչնչացրել են 178 քուրդ «ահաբեկիչ»:
Այս շաբաթ թուրքական բանակը սկսել է Աֆրինում քրդական ջոկատների դեմ ռազմական գործողությունների երկրորդ փուլը: Բանակի առջև խնդիր է դրված դեպի Աֆրին տանող բոլոր խոշոր բնակավայրերը մաքրել քրդական ջոկատներից:
Եթե թուրքական բանակն ու նրանց դաշնակից գրոհայինները գրավեն Ռաջոն և հարևան Ջինդերս քաղաքը, ապա Աֆրինը կհայտնվի շրջափակման մեջ: