211652_close_icon
views-count2542 դիտում article-date 17:45 23-04-2021

3 տարվա մեջ Զինվորի տանը 3 հազարից ավելի զինվորի կյանք է փոխվել. Զինվորի տանը բացվեց Պրոթեզավորման կենտրոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բժշկական համալսարանի և գործընկերներ կառույցների համատեղ ուժերի, ազգանվեր
աշխատանքի արդյունքում Զինվորի տանը բացվեց Պրոթեզավորման կենտրոն:
Բացօթյա միջոցառմանը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին,
բարերարներին շնորհակալություն հայտնեց աջակցության համար:

«Յուրաքանչյուրի փոքր և մեծ ներդրման շնորհիվ կարողացել ենք ձևավորել
ազգային արժանապատվության կենտրոնը: Այն կարող է դառնալ առանցք, որի շուրջ
հասարակությունը պետք է ունենա համաձայնություն, տեսանելի արժանապատվություն՝
աշխարհին ի ցույց դնելով հայ զինվորի անկոտրում կամքն ու հասարակության
միասնականությունը»,- ասաց բժշկական բուհի ղեկավարը՝ շեշտելով, որ առանձնահատուկ
հպարտ է շենքի վերակառուցման և ձևավորման ընթացքում կենտրոնի ղեկավար Հայկուհի
Մինասյանին աջակցելու և ամբողջ ճանապարհը համատեղ անցնելու համար:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ այսօր մեկնարկում է շենքի այն հատվածի
գործունեությունը, որն ամբողջականացնում է կառույցի նպատակը: Վերականգնողական
կենտրոնն ունենալով պրոթեզավորման ամբողջական հնարավորություն՝ վերաձևավորվեց
որպես հայ զինվորի տուն:

Մեկդարյա պատմություն ունեցող համալսարանի վեհանշունչ շենքի առջև ռեկտորը
կրկնեց. «Կեցցե՛, հայ զինվորը, հայ բժիշկը, հայոց պետականությունը»:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը
նշեց՝ ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր, այս շենքի ճակատագիրը նույն է:

«Ամբողջ հայ ժողովուրդը միավորվեց այն կառուցելու համար: Եթե բոլոր հարցերի
շուրջ համախմբվենք այնպես, ինչպես համախմբվում ենք Զինվորի տան շուրջ, մենք
կունենանք աշխարհի լավագույն երկիրը»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով՝
Պրոթեզավորման կենտրոնի կառուցման 6 ամիսների գիշեր-ցերեկ իրականացված
աշխատանքի համար:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը
ներկայացնելով ՀՀ կառավարության ապրիլի 22-ի որոշումը՝ ներկաներին տեղեկացրեց, որ
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամ»-ին
ամրացված գույքը 15 տարվա անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: 
Մասնաշենքի աջակողմյան հատվածում իրականացվելու է վերականգնողական բուժում, իսկ
ձախակողմյան հատվածը ծառայելու է որպես պրոթեզավորման լաբորատորիա: Կենտրոնը
հագեցվելու է ժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա
շահառուներին ունենալ որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներ: Միաժամանակ, շենքի
ձախակողմյան հատվածում գործելու է միկրովիրաբուժության բաժանմունք, որը ծառայելու
է պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների վերացմանը: Շահառուները կենտրոնում
ստանալու են նաև կրթություն, լուծվելու են նրանց աշխատանքի տեղավորման,
սոցիալական ինտեգրման համալիր խնդիրները:

«Մեր երկրին պատուհասած վերջին իրադարձությունները բոլորիս ստիպել են առերեսվել
նոր իրականության հետ, ընդունել նոր մարտահրավերներ և միասնաբար պայքարել ու
հաղթահարել դրանք: Այսօրվա միջացումը ասվածի վկայությունն է: Սիրելի զինվորներ,
դուք հայրենասիրության, նվիրումի, անձնազոհության փայլուն օրինակներ եք: Մենք

հավերժ պարտական ենք ձեզ: Այս կենտրոնի բացումը ձեր անձնազոհության դիմաց
նվազագույն երախտագիտությունն է: Դուք արժանի եք լավագույնին միշտ և ամենուր»,-
շեշտեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Նա անձնական և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն
Մուրադյանին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի
Միասյանին, ինչպես նաև նախաձեռնողներին և աջակիցներին, որոնց հետևողական
աշխատանքների, ներդրված ջանքների շնորհիվ հնարավոր է դարձել Պրոթեզավորման
կենտրոնի բացումը:

Նշենք, որ 2021 թվականին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին առաջին
անգամ հատկացվեց պետական ֆինանսավորում՝ առողջապահության նախարարության
կողմից։

«Կենտրոնի բացումը մեզ համար կարևոր խորհուրդ ունի: Ի հեճուկս տառապանքի,
կորստի և ցավի մենք ունակ ենք վեր հառնելու, ավելի ուժեղանալու, միախմբվելու և
շարժվելու առաջ, վերականգնվելու՝ մարմնով, հոգով, ուժերով, արարելու՝ ի փառս մեր
հայրենիքի»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը բոլորին հիշեցրեց, որ զոհողությունների արժեքով ձեռք բերված այս
խաղաղ պահը վայելելու հնարավորությունը կարևոր հիշեցում է, որ պարտք ունենք մեր
երկրի առջև, յուրաքանչյուրս մեր ոլորտում և պետք է անենք առավելագույնը, որպեսզի
հայրենիքը զարգանա, ուժեղանա, լինի խաղաղ, սիրով ու հոգածությամբ:

Անահիտ Ավանեսյանը՝ եզրափակելով խոսքը, վստահություն հայտնեց, որ այս
զինվորի տունը լինելու է տարածաշրջանում այն գերազանցության կենտրոնը, որը պետք է
բոլորիս հպարտություն պատճառի:

Ցուցադրվեց տեսաֆիլմ Աբովյան 58 հասցեում տեղակայված Զինվորի տան, ստեղծման,
կայացման պատմության մասին, որտեղ երեք տարում փոխվել է 3000-ից ավել զինվորի
կյանք, հարյուրավորը վեր են կացել սայլակից, շատերը սովորել են կրկին քայլել, մի մասն
էլ մասնագիտություն է ձեռք բերել:

Դեռ չբացված, կենտրոնում արդեն պրոթեզավորվել է հայրենիքի 25 պաշտպան: Այսպիսով,
զինվորներին ընձեռվել է երկրորդ անգամ առաջին քայլեր անելու հնարավորություն:
Նշենք, որ նորաբաց Պրոթեզարանը հիմնադրվել է Հայաստան համահայկական
հիմնադրամի, Հայաստան հիմնադրամ Նիդերլանդներ, Երևանի պետական բժշկական
համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին» հասարակական կազմակերպության
կողմից:

Միջոցառման ընթացքում զինվորները շնորհակալագրեր հանձնեցին աջակիցներին և
բարերարներին:

Տեսանյութն՝ այստեղ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր