211652_close_icon

ԵՊՀ-ում քննարկվել են Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ներդրմանն առնչվող հարցեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2953 դիտում article-date 19:27 26-02-2018
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հայաստանյան բուհերի ներկայացուցիչները քննարկեցին Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ՄԿԿՏՀ) ներդրմանն առնչվող մի շարք հարցեր: Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև երևանյան և մարզային բուհերի ներկայացուցիչներ: Ռ. Մարկոսյանը հակիրճ ներկայացրեց համակարգի ստեղծման պատմությունը, զարգացման ու մշակման փուլերը, ինչպես նաև հնարավորություններն ու ակնկալվող արդյունքները: «Նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանում մասնագիտական կրթության կառավարման համակարգի արդիականացմանն ու զարգացմանը: Այսինքն՝ ստեղծվում է մի ամբողջական համակարգ, որը կներառի բուհերի գործունեության, գործառույթների, ենթակառուցվածքների, ուսանողների ու աշխատակազմի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն»,- նշեց Ռ. Մարկոսյանը և հավելեց, որ համակարգը նախարարությանը հաշվետվություններ և վիճակագրական տվյալներ ստանալու հնարավորություն կտա՝ վերլուծելով տվյալ տեղեկատվական շտեմարանի տվյալները: Ներկայումս ՄԿԿՏՀ-ի ստեղծման և գործարկման աշխատանքներն իրականացվում և համակարգվում են ԿՏԱԿ-ի կողմից: «Խոսքը միայն մասնագիտական կրթության կառավարման համակարգի մասին չէ, մենք ստեղծել ենք լիարժեք տեղեկատվական բազա՝ նախադպրոցականից մինչև հետբուհական կրթություն: Դա ենթադրում է, որ, օրինակ, համակարագի լիարժեք գործարկման արդյունքում բուհերի աշխատանքները դիմորդների հետ բավականին հեշտանալու է, քանի որ մեկ հպումով հնարավոր կլինի պարզելու, թե ապագա ուսանողը դպրոցում ինչ առարկաներ է ուսումնասիրել, ինչ առաջադիմություն է ունեցել և այլն»,- ասաց Արտակ Պողոսյանը: Քննարկման ընթացքում բուհերի ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերի մասին, որոնց սպառիչ պատասխաններ տրվեցին: Հավելենք, որ ծրագրի պատվիրատուն ՀՀ կրթության և գիտության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակն (ԾԻԳ) է, իսկ ֆինանսավորումը տրամադրել է Համաշխարհային բանկը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր