211652_close_icon
views-count3673 դիտում article-date 15:12 01-12-2017

Մինսկում անցկացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, Մինսկում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Խորհրդի նեղ կազմով նիստին հաջորդած լիագումար նիստում կազմակերպության անդամ երկրների նախագահները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության առաջիկա տարիների ռազմավարության իրագործմանը, կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, պաշտպանության, արտաքին քաղաքականության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանը: Նստաշրջանի շրջանակներում քննարկված ավելի քան երկու տասնյակ հարցերի շարքում ընդունվել են նաև քաղաքական հայտարարություններ, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը, որում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին նախորդել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքականության համադրման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա կատարելագործմանն առնչվող հարցերին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր