5062 դիտում
20:00 14-10-2016
Կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նստաշրջանում քննարկվել են ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները:
Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում անդրադարձ է արվել միջազգային իրավիճակին և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցերին, դիտարկվել են մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:
2016-2017թթ. ՀԱՊԿ-ում նախագահությունն ստանձնել է Բելառուսի Հանրապետությունը: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության խորհրդին գրավոր կներկայացնի Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել իր երկրի նախագահության շրջանում:
Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի շրջանակներում ստորագրվել են նաև Կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, զինվորական կադրերի պատրաստմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման համակարգի զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:
Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշել են օրակարգից հանել Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ հարցը՝ դրա քննարկումը տեղափոխելով ընթացիկ տարեվերջ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը լիագումար նստաշրջանում պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներին տեղեկացրել է սեղմ կազմով նիստի ժամանակ քննարկված հարցերի մասին:
«Իմ կարծիքով, մենք անցկացրել ենք բավականին արդյունավետ և անկեղծ քննարկում այն հարցերի շուրջ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր գործերին և ազդում են մեր երկրների անվտանգության հարցերի վրա, պրոեկտվում և դրսևորվում են տարածաշրջանային մակարդակներում և ոչ միայն: Իհարկե, խոսել ենք նաև այն մարտահրավերների ու սպառնալիքների մասին, որոնց հետ բախվում է ամբողջ համաշխարհային հանրությունը, նախ և առաջ նկատի ունեմ ահաբեկչության և բռնության աննախադեպ բռնկումը, որի համար չի կարող լինել որևէ արդարացում:
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Երևանյան նստաշրջանն ամփոփում է Կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը: Նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ձեռնարկվել են որոշակի միջոցներ ՀԱՊԿ-ում հետագա փոխգործակցության համալրման ուղղությամբ: Աշխատանքն ուղղված է եղել Կազմակերպության ներուժի մեծացմանը՝ ելնելով այն նպատակներից և խնդիրներից, որոնք սահմանված են Հավաքական անվտանգության մասին պայմանագրով, որի 25-ամյակը տոնելու ենք հաջորդ տարի»,-ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նստաշրջանում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
3670 դիտում
15:12 01-12-2017
Մինսկում անցկացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3903 դիտում
16:59 11-10-2016
Երևանում կկայանա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
Այս բաժնից
601 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1042 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1195 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա