Թրամփն ու Պուտինը Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են ընդունել
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը Սիրայի հարցով հայտարարությամբ [url=http://kremlin.ru/events/president/news/56048]համաձայնել են[/url] շարունակելու համատեղ ջանքերը «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում մինչև վերջնական հաղթանակը:
Կրեմլի տարածած [url=http://kremlin.ru/supplement/5252]հաղորդագրության[/url] մեջ նշվում է, որ համատեղ հայտարարությունը ստորագրվել է Վիետնամում անցկացվող Ասիական-խաղաղօվկիանոսյան համագործակցության համաժողովի ժամանակ:
Երկու առաջնորդները հայտնել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև հակամարտության բոլոր կողմերին կոչ են արել ակտիվ մասնակցություն ունենալ Ժնևի քաղաքական գործընթացին:
Թրամփն ու Պուտինը նշել են, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի և վերջնական քաղաքական կարգավորման պետք է հասնել Ժնևյան գործընթացի շրջանակներում, ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան, նշված է Թրամփի և Պուտինի ստորագրած համատեղ հայտարարությունում: