Վատիկանի գաղտնի արխիվներից Հայաստան են բերվել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր
Վատիկանի գաղտնի արխիվներում պահվող Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի մի հատվածն այսօր փոխանցվել է Հայաստանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Փաստաթղթերը թանգարանին է հանձնել է «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը: Նա ասել է, որ Վատիկանի արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բավականին մեծ թվով փաստաթղթեր կան և այս պահին թանգարանին հանձնվում է դրանց միայն մի մասը:
«Ձեռք բերված փաստաթղթերը նոր են, դրանք թվայնացված են, սակայն դեռ ուսումնասիրված չեն: Սրանք նոր փաստեր են, դեռ աշխատանք կա կատարելու, դրանք դեռ պետք է թարգմանվեն»,- ասել է Մանանա Հակոբյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նույնպես նշել է, որ փաստաթղթերը դեռ պետք է ուսումնասիրվեն, բայց դրանց թվում նա արդեն նկատել է Օսմանյան կայսրությունում Վատիկանի ներկայացուցիչների բլանկներ, ինչն արդեն իսկ խոսում է փաստաթղթերի կարևորության մասին:
«Խոսքն այդ տարիներին Օսմանյան կայսրությունում աշխատող դեսպանների մասին է: Փաստաթղթերը, ինչպես առաջին հայացքից հասկացա, դիվանագիտական գրագրումներ են, կան ինչպես ձեռագիր, այնպես էլ մեքենագիր գրագրումներ: Շատ արժեքավոր փաստաթղթեր են, որոնք իրենց տեղը կունենան մեր թանգարանում, ուսումնասիրություններում»,- ասել է Սուրեն Մանուկյանը:
[url=https://jam-news.net/?p=59598&lang=hy]JAMNEWS[/url]


