211652_close_icon
views-count844 դիտում article-date 12:03 20-10-2026

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Մխիթարյանի և դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Նորեկյանը և Գոռ Ղուկասյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Երեմ Դանիելյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր