211652_close_icon
views-count30494 դիտում article-date 17:11 17-07-2017

2016 թվականի ապրիլի 4-ին մարտական դիրքում վիրավորված պայմանագրային զինծառայողը խնդրանքով դիմում է ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին. «Օգնեք ինձ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2016 թվականի ապրիլի 4-ին Տավուշի մարզի մարտական դիրքերից մեկում մարտական հերթապահության ժամանակ 39-ամյա Արթուր Ադամյանը հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից կրծքավանդակի շրջանում լուրջ վնասվածք է ստանում, փամփուշտը ծակում է նրա աջ թոքը։ Նրան տեղափոխում են Բերդի հոսպիտալ, որտեղ կատարվում է վիրահատություն։ Այնտեղից Երևանի Մուրացանի հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Արթուրի մոտ 5 անգամ սրտի կանգ է արձանագրվել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արթուրը պատմում էր, որ բժիշկը խորհուրդ է տվել իրեն դադարեցնել զինվորական ծառայությունը, քանի որ նրա առողջական վիճակը լավ չէ և առաջարկում է հաշմանդամության թոշակավորման համար դիմել համապատասխան մարմիններին։ Արթուրը, սակայն, հրաժարվում է՝ ասելով, որ ինքը ցանկանում է շարունակել ծառայությունը իր պարտքը կատարելով հայրենիքին։ Նրան փորձնական ուղարկում են ծառայության, զորամասի հրամանատարը ստուգում է փաստաթղթերը, ով նույնպես հորդորում է, որպեսզի նա հետ կանգնի առաջնագիծ բարձրանալու մտքից։ Կրկին Արթուրին ուղարկում են Մուրացանի հոսպիտալ։ Բերդի հոսպիտալից նա ուղեգիր է վերցնում և գնում Երևան՝ Մուրացանի հոսպիտալ, անցնում է բոլոր անհրաժեշտ բժշկական փորձաքննությունները։ Շամշադինում Սոցապնախարարության ներկայացուցիչները նրան ասում են, որ պետք է վերափորձաքննության ուղարկեն՝ «Արտմեդ» բժշկական կենտրոն, որտեղ նրան ասում են, որ 1 շաբաթից պատասխանը պարզ կլինի։ Սակայն 1 շաբաթ անց Արթուրին պատասխանում են, որ ունի առողջական խնդիրներ, բայց նա չի կարող համարվել հաշմանդամ և թոշակ ստանալ։ Մարտական դիրքում վիրավորված Արթուրին այսօր անհրաժեշտ է սրտի ստենտավորում կատարել, որի արժեքը 1 մլն 100 հազար դրամ է, սակայն Պաշտպանության նախարարությունից ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը գրավոր պատասխանել է, որ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է վիրահատության համար գնի կես մասը վճարել, իսկ մնացած մասը պետք է հոգա ինքը՝ Արթուրը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արթուրը ի վիճակի չէ այդքան գումար ճարելու, քանի որ նա անգամ ունի հացի խնդիր։ Նրա հույսը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է ու խնդրանքով դիմում է նախարարին։ Ի դեպ, Արթուրը չմոռացավ իր շնորհակալությունն ու երախտիքի խոսքերն ուղղել Շամշադինի և Մուրացանի հոսպիտալների բժիշկներին, քանի որ հենց նրանց շնորհիվ է, որ մահվան ճիրաններից փրկվել է. «Ես սաղ կյանքս երախտապարտ եմ բժիշկներին, քանի որ նրանք ինձ դժոխքից դուրս բերեցին, սակայն հիմա մնացել եմ անօգնական վիճակում։ Առանց ամաչելու կարող եմ ասել, որ անգամ մի կտոր հացի իմ խնդիրը լուծում են հարևաններս, բարեկամներս։ Կրկին անգամ խնդրում եմ ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին, որպեսզի նա օգնության ձեռք մեկնի ինձ»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր