Բրազիլիայում ցուցարարները հրդեհել են գյուղնախարարության շենքը
Բրազիլիայում շարունակվող մասշտաբային բողոքի ցույցերի ֆոնին ցուցարարները ներխուժել են երկրի գյուղատնտեսության նախարարության շենքը և հրդեհել այն։ Բացի այդ, վնասել են ևս մի քանի կառավարական շենքեր։
Ինչպես հաղորդում է BBC-ն, իշխանությունները հայտնել են այն մասին, որ մայրաքաղաք Բրազիլիայի փողոցներ է դուրս եկել ևս 35,000 մարդ։ Ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը։
Ցուցարարները պահանջում են նախագահ Միշել Թեմերի հրաժարականը, նոր ընտրությունների անցկացում և ծրագրված տնտեսական բարեփոխումների չեղարկում։
Նախորդ շաբաթ Թեմերի հասցեին նոր կոռուպցիոն մեղադրանքներ էին հնչեցվել և պահանջ՝ վայր դնել նախագահի լիազորությունները։
Ակցիան սկսվել էր խաղաղ, սակայն հետո վերածվել ոստիկանության հետ բախումների, քանի որ ոստիկանները արցունքաբեր գազ էին կիրառել։ Ընթացքում վիրավորվել էր մեկ մարդ, ձերբակալվել՝ մի քանիսը։