211652_close_icon
views-count18276 դիտում article-date 16:19 25-04-2017

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Սուրեն Մնացականյանի մահվան 23-րդ տարելիցն է

Այսօր՝ ապրիլի 25-ին, Արցախյան ազատամարտի հերոս Սուրեն Էդուարդի Մնացականյանի մահվան տարելիցն է: Սովորույթի համաձայն մարտական ընկերները, հարազատներն ու զավակներն առավոտյան այցելել են Աբովյան քաղաքի գերեզմանատանը: Սուրենը 1990-1994 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի պաշտպանության մարտերին: 1990 թվականի փետրվար-մայիս ամիսներին մասնակցել է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի պաշտպանական, 1992 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 10-ը, որպես գումարտակի հրամանատար, Կոտայքի ինքնապաշտպանության գումարտակի կազմում մասնակցել է Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանության մարտերին: 1994 թվականի հունվարի 22-ին զորակոչվել է եռամսյա-վարժական հավաքի, որպես առաջին վաշտի հրամանատարի տեղակալ և մասնակցել է Օմարի լեռնանցքի և Մարատակերտի Չայլու, Թալիշ և Մատաղիս գյուղերի ազատագրման մարտերին: Մարտական գործողությունների ժամանակ Սուրենը ցուցաբերել է բացառիկ մարտական բարձր պատրաստակամություն և խիզախություն: Չալյու գյուղի ազատագրման մարտերի ժամանակն թեև թևից վիրավորվում է, սակայն չի թողնում մարտադաշտը և շարունակում է կրակագծից դուրս բերել քսանյոթ վիրավոր և սպանված ընկերների՝չցանկանալով մարտական ընկերներին թողնել թշնամու պիղծ ձեռքերին: Նրա սիրտը կանգ է առել անանուն բարձրունքի վրա, Վերին Չայլու և Թալիշ գյուղերի միջև ընկած տարածությունում: Մարտական ընկերները բարձրունքը անվանել են հերոսի անվամաբ: Սուրեն Էդուարդի Մնացականյանի հերոսությունների մասին խոսվել և խոսվելու է: Նրա քաջագործությունները հրապարակվել են գրքերում, ամսագրերում, ներկայացվել ռադիո և հեռուստահաղորդումներում: Զորի Բալայանն իր «Դժոխք և Դրախտ» գրքում խոսելով Սուրենի մասին գրում է...«փետրվարին հոսպիտալից ինձ հայտնեցին, որ մի մարզիկ տասը կիլոմետր շալակած տարել է իր վիրավոր հրամանատարին ձյունապատ լեռնանցքներով և փրկել նրան... հերոսի անունը՝ Սուրեն Էդուարդի Մնացականյան: Միայն հետո պարզվեց, որ ձեռքից վիրավոր Սուրենը մարտադաշտից դուրս է բերել քսանյոթ վիրավոր և սպանված ընկերների: Նրա սիրտը կանգ է առել անանուն բարձրունքի վրա Վերին Չայլու և Թալիշ գյուղերի միջև ընկած տարածությունում: Մարտական ընկերները բարձրունքը անվանել են հերոսի անվամբ: Սուրեն Մնացականյանի բարձրունք»(էջ 465): Ստորև ներկայացնում ենք Սուրեն Մնացականյանի բանաստեղծություններից երկուսն ու նամակը՝ դասարանին: ***** Ճերմակ ամպերը երկնքում լազուր Ջերմանում են պերճ արևի սիրով, Սահում են դանդաղ ու շոյում են լուռ Լեռան գագաթը պիրկ և անխռով, Ինչո՞ւ ամպերը լալիս են միայն Ու չեն ծիծաղում ****** Օ՜, մի՛ ծիծաղեք, թե մի պահ կարծեք լեռը սիրտ չունի Լեռը ոչ թե սիրտ նա լեզու չունի, Լեռը ծովի չափ մեծ, խորը վիշտ ունի, Որ եթե հանկարծ աշխարհին հայտնի, ինչե՜ր կլինի... Տնքում է լեռը, ողբում և սգում, Ու նորից մարդկանց ոչինչ չի ասում, Ով ինչու ասի, Չէ որ լսողը կարող է լսել ու չհասկանալ, Իսկ նա չի ուզում, որ չհասկանան Եվ խոցոտվում է անողոք վշտից, Բայց աչքը ճամփից չի կտրում նորից... Այնուամենայնիվ, գուցե մեկը գա... Ու նրա ցավոտ սիրտը հասկանա... ****** Սիրող դասղեկից ջերմ բարևներ սիրելի 10-րդ Ա-ին: Բարևներ հաղորդեք նաև իմ գործընկերներին, ձեր ուսուցիչներին և մաղթեք քաջ առողջություն ու ստեղծագործական հաճելի աշխատանք: Սիրելի իմ «Բրաբիոն ֆլորա սերվիս», ուրախ եմ, որ դասերը վերսկսվել են, թեպետև գիտեմ, որ այս տողերը անհաճո են ոմանց: Բայց, այնուամենայնիվ, կյանքում գլխավորը սովորելն է, այլ ոչ թե սովորել ցուցադրելու համար: Սովորող, գրքերի վրա տքնող մարդու ուղեղը ճկուն է դառնում ու հեշտ ու ամբողջապես է «մարսում» ցանկացած ինֆորմացիա, գործ ու տեսություն: Կրթված, գիտելիքների մեծ պաշար ունեցող, արվեստ և մշակույթ սիրող մարդու հետ բոլորը շուտ մերվում, մտերմանում են: Նման մարդիկ ամենավճռական, ճակատագրական պահերին հեշտ, արագ ու ճիշտ են կողմնորոշվում: Նրանք անգամ կռվելիս մարդ (մա՞րդ) սպանելիս չեն կորցնում մարդկային կերպարանքը, չեն մորթում, խոշտանգում, ծանակում թշնամուն: Այո´, սպանում են, քանի որ հող են պաշտպանում, իրենց թիկունքում տուն, ծնող, զավակներ են պաշտպանում և սպանելիս ու սպանելուց հետո էլ մրմնջում են անդադար`«Մեղա՜. Տե′ր»: Սովորե´ք, իմ ամուշիկներ, իմ քաջորդիներ, սովորե´ք ձեզ համար, մի չարչարվեք ուսուցիչներին ցույց տալ, թե իբր սովորում եք: Թող ձեր դատավորը մարդ չլինի, այլ միայն Աստված և ձեր խիղճը: Միշտ հիշե´ք, որ կարող է կյանքում հանդիպել այնպիսի իրադրության, որ ձեր ուղեղի մակարդակից, ձեր գիտելիքների չափից կախված լինեն մարդկային կյանքեր և ճակատագրեր: Ուրեմն, սովորե´ք, որ մարդիկ օրհնեն ձեզ և ձեր նախնիներին: Սովորե´ք ամեն ինչ կյանքում, ամեն հետաքրքրական բան աշխատեք ուսումնասիրել, վերլուծել,«կլանել»... ...Ահա թե ինչու եմ ուրախ ,որ դասերը սկսվել են: Ու նաև հպարտ եմ, որ մեր Հենրին նման հաջողությունների է հասել: Կեցցե′ն ինքն ու իր ուսուցիչը: Բայց սովորելն ու կատարելագործվելն անսահման են, որ դադար առնելը կործանում է նշանակում: Ես ծանոթ եմ մի մարդու, որ հոյակապ հաջողությունների էր հասնում անգլերեն լեզվից, բայց հանգամանքների բերումով դադարեցրեց կատարելագործվելը և զբաղվում էր այլ գործերով: Որոշ ժամանակ անց նա հասկացավ, որ լեզվի իմացության իր մակարդակը շատ է իջել, իսկ իր ընկերները դարձել են անհասանելի, ճախրում են բարձրունքներում»: Սա վերաբերվում է բոլորիդ ` ոչ միայն Հենրիին: Ձեր ամեն ջանք, ճիգ պիտի ուղղված լինի մեր հայրենիքի ոտքի կանգնելուն, բարգավաճմանը: Թո´ղ որ դա տեսանելի չլինի, թո´ղ չգնահատվի: Կրկնում են, ձեր դատավորը մարդ չպետք է լինի, այլ Աստված և ձեր խիղճը: Սիրելիներս, իհարկե պատմելու շատ-շատ բան ունեմ: Այստեղ մարդը հոգեպես մերկանում է, և պարզ երևում է, թե սրտի որքան մասն է թունոտ կամ ժանգոտ, կեղտոտ կամ վախի դեղինով լցված: Այստեղ իրական, դաժան կյանքը մեկ անգամ էլ հաստատում է, որ բարին հզոր է, մեծ հոգի ու սիրտ ուեցողը վախ չունի, արվեստ ու մշակույթ սիրողին ու հասկացողին կարող ես առանց կասկածելու կյանքդ, թիկունքդ վստահել: Այստեղ լրիվ պարզվում է, թե այդտեղի գող-ապերոներն ու արա-ախպերներն իրականում ինչ արժեն, ինչպես են իրենց կաշվի համար դողալով դավաճանում ընկերոջը, նույն ափսեից իր հետ ուտողին, նույն ծածկոցի տակ իր հետ քնողին: Ընկերը վիրավորվում է, իսկ նա հինգ մետր չի իջնում վիրավորին հեռացնելու դիրքից, այլ ծլկում է ու վիրավորին թողնում թշնամու տնօրինությանը: Սարսափելի է: Կյանքն է այդպիսին, դուք ձեր շրջապատում ապրում եք նման մարդկանց մեջ և պարտավոր եք փրկել մեր Հայրենիքը նման այլանդակություններից: Իմ սիրելիներ, Օմարի լեռնանցքը ամուր պահելով այսօր լռիվ ապահովված են Զանգեզուրն ու Վարդենիսը: Այսօր հրամայական են Մարտակերտի, Գյուլիստանի, Շահումյանի ազատագրումը: Բայց դա մյուս անգամ: Համբուրում եմ բոլորիդ: 08.02.1994 թ.»։

Նմանատիպ նյութեր