211652_close_icon
views-count9947 դիտում article-date 12:18 24-04-2017

Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլան, Ազնավուրների ընտանիքի անունից հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում է այս օրերին ժամանել աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլան։ Վերջինս այսօր Ծիծեռկանաբերդի հուշահամալիրում Ազնավուրների ընտանիքի անունից հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ «Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ։ Իմ հոր հետ եղել եմ 2015 թվականին։ Եկել եմ Ազնավուրների ընտանիքի անունից, իմ ներկայությունն այստեղ շատ կարևոր է իմ ընտանիքի համար։ Իմ գլխավոր ուղերձն այն է, որ ցույց տանք հաջորդ սերնդին, որ պետք է միշտ այստեղ լինի։ Մենք պետք է աջակցենք, որպեսզի Հայաստանը լինի ուժեղ և միասնական։ Դրա համար եմ ես այսօր այստեղ»,-նշել է Նիկոլա Ազնավուրը՝ հավելելով, որ իր հայրը, ցավոք, չկարողացավա ներկա գտնվել այսօրվա հիշատակի արարողությանը, սակայն իր ընտանիքի բոլոր անդամները մտքով ու հոգով հայ ժողովրդի հետ են։ Ապրիլի 24­-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 102­-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24­-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում են՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը,Եվրախորհրդարանը, ՄԱԿ­-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԵՐԿՈՍՈւՐ­-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 45 նահանգներ:

Նմանատիպ նյութեր