Ոստիկանների զայրացած կանայք ցույց են անցկացրել Փարիզի կենտրոնում
Փարիզի ոստիկանների ավելի քան 100 կանայք ցույց են կազմակերպել Ելիսեյան դաշտերում, բողոքելով Ֆրանսիայում աճող բռնության դեմ: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39680549]BBC[/url]-ի ռուսական ծառայությունը:
Բողոքի անմիջական պատճառը հանդիսացել է վերջերս Փարիզում ոստիկան Խավյե Ժուգելեի մահը: Նա սպանվել էր Փարիզի արվարձանաբնակ Քարիմ Շերֆիի կողմից՝ գլխին արձակված երկու կրակոցից:
Այդ նույն հարձակման ժամանակ երկու այլ ոստիկաններ վիրավորվել էին, որից հետո հարձակվողը գնդակահարվել էր ոստիկանի կողմից:
Ցուցարարների խումբը, որն իրեն անվանում է «Ոստիկանների զայրացած կանայք», երթով անցել է քաղաքի կենտրոնական փողոցներով:
Ցույցի մասնակիցները ձեռքերում բռնել էին սև փուչիկներ, որոնք խորհրդանշում են զոհված ոստիկաններին, ինչպես նաև վարդագույն փուչիկներ՝ որպես առանց տղամարդու մնացած ընտանիքի խորհրդանիշ:
Նշենք, որ այս ամենը կատարվում է նախագահի ընտրությունների նախօրեին: Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 23-ին Ֆրանսիայում անցկացվելու են նախագահի ընտրություններ: