211652_close_icon
views-count1790 դիտում article-date 16:05 08-10-2016

Մենք առանձնակի ենք կարևորում Փարիզի հետ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը. Տարոն Մարգարյանը՝ Փարիզի քաղաքապետին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Երևանում գտնվող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում: Կայացած պաշտոնական հանդիպման շրջանակում, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը, երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում ծրագրային համագործակցությունն իսկապես կարևորված է Երևանի համար: «Տիկին քաղաքապետ, մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար: Մենք առանձնակի ենք կարևորում Փարիզի հետ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը, և համոզված եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր համագործակցությանը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքի համար, ինչը ևս անչափ կարևոր է մեզ համար: Երևանի և Փարիզի միջև իսկապես առկա է փոխգործակցության լայն դաշտ, որը հնարավորություն կտա մեզ էլ ավելի ընդլայնելու համատեղ ծրագրերը ինչպես տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման, այնպես էլ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: Ըստ այդմ, տիկին քաղաքապետ, կառաջարկեմ ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի և հստակ կներկայացնի այն ուղղությունները, որոնցում մենք ունենք համագործակցության լայն հեռանկարներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նախ շնորհավորել է Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքի տոնի առթիվ, ապա ընդգծել, որ իր հերթին կանի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակում երկու մայրաքաղաքների փոխգործակցությունը շոշափելի արդյունքներ տա: «Պարոն քաղաքապետ, ինձ համար իսկապես հաճելի է գտնվել մի քաղաքում, որը շուրջ 3000-ամյա պատմություն ունի: Մենք ևս կարևորում ենք Երևանի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը, ինչի խոսուն ապացույցն է նաև ընդլայնված պատվիրակության կազմով մեր այստեղ գտնվելը: Երկու մայրաքաղաքների հաջողված համագործակցությունը նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամության արդյունքն է, որն ամուր թելերով է կապված: Փարիզի զարգացման գործում պետք է առանձնակի կարևորեմ հայ համայնքի դերակատարումը, որն, անշուշտ, մեծ է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Պարոն քաղաքապետ, ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել հրավերի համար, շնորհակալ եմ նաև Ձեր այն հետևողականության ու պատրաստակամության համար, որն ուղղված է Երևանի և Փարիզի միջև հաստատված կապերն էլ ավելի ընդլայնելուն և զարգացնելուն: Վստահ եմ, որ առաջիկայում մենք կգրանցենք իսկապես շոշափելի արդյունքներ»,- նշել է Անն Իդալգոն և հույս է հայտնել, որ ապագայում առիթ կունենա փոխադարձ այցով Փարիզում հյուրընկալելու Երևանի քաղաքապետին: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր