211652_close_icon
views-count3239 դիտում article-date 19:26 18-04-2017

Կարեն Ասմարյան. Լողափնյա վոլեյբոլում պայքարելու ենք պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշի համար

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան դասական վոլեյբոլին զուգահեռ զարգացնում է մարզաձեւի նաեւ մյուս տարատեսակները: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում այս մասին պատմեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: - Հունվարին Երեւանում անցկացրինք ձյան վրա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը: Այնուհետեւ, փետրվարին Գյումրիում կայացավ ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը, մրցումներ անցկացրինք նաեւ Վանաձորում: Վոլեյբոլի այս տեսակն արդեն պաշտոնապես ճանաչված է: Հաջորդ տարի նախատեսում ենք հանրապետության առաջնության փուլերն անցկացնել տարբեր քաղաքներում, իսկ եզրափակիչը՝ Երեւանում: Պատրաստվում ենք դուրս գալ միջազգային ասպարեզ: [b]- Դասական վոլեյբոլում գործերն ինչպե՞ս են: [/b] - Մարտին կայացավ մինչեւ 17 տարեկան պատանիների եւ աղջիկների Հայաստանի առաջնությունը: Երկու ընտրական փուլ անցկացվեց Վանաձորում եւ Սիսիանում, իսկ եզրափակիչը՝ Երեւանում: Ապրիլի 18-ին մայրաքաղաքում մեկնարկում է տղամարդկանց ազգային առաջնության առաջին փուլը (5 թիմ), կանանց առաջնությունը (4 թիմ) կսկսվի մայիսի 4-ին: Այնուհետեւ կանցկացնենք մինչեւ 15 տարեկանների հանրապետության առաջնությունը: Հաջորդ տարի կփորձենք անցկացնել Արեւելյան եվրոպական երկրների վոլեյբոլի ասոցիացիայի (EEVZA) մրցաշար: Կարող էինք դա այս տարի անել, բայց որոշ հանգամանքներով պայմանավորված, այն զիջեցինք Վրաստանին: Մեկ միջազգային մրցաշարը գործնականում «խժռում է» մեր գրեթե ամբողջ բյուջեն, բայց փորձում ենք զարգացնել դասական վոլեյբոլը: Մարզերում եւ Արցախում մրցաշարեր ենք անցկացնում, կազմակերպում ենք մարզչական սեմինարներ: [b]- Ֆինանսական խնդիրներով պայմանավորված ավելի հեշտ է զբաղվել լողափնյա՞ վոլեյբոլով [/b] - Այո, այդպես է: Այստեղ մեզ հագեցած միջազգային գրաֆիկ է սպասում: Հունիսի 15-18-ը Ավստրիայի Բադեն քաղաքում կմասնակցենք մինչեւ 22 տարեկանների (պատանիներ) Եվրոպայի առաջնությանը: Իսկ օգոստոսի 19-20-ին առաջին անգամ կմասնակցենք վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի (ՎԵԿ) II պատանեկան մայրցամաքային գավաթի խաղարկությանը, որը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի ընտրական առաջին փուլն է: Մրցաշարն անցկացվելու է Պյարնու քաղաքում: Վիճակահանությամբ Հայաստանի հավաքականները հայտնվել են «D» խմբում: Պատանիները (Արման Միսկարյան եւ Ռազմիկ Հակոբյան) կխաղան Լիտվայի, Ֆրանսիայի, Էստոնիայի եւ Պորտուգալիայի իրենց հասակակիցների, աղջիկները (կազմը դեռ հայտնի չէ)՝ նույն թիմերի հետ, որոնց ավելանում է Մակեդոնիան: Միսկարյանը եւ Հակոբյանը հանդես են գալու նաեւ օգոստոսի 24-27-ը Կազանում կայանալիք Մ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: ՎԵԿ մայրցամաքային գավաթի հետ միաժամանակ Պյարնու քաղաքում կանցկացվի EEVZA մրցաշարերից մեկը, իսկ սեպտեմբերի 8-ից 10-ը Երեւանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում կկայանա «Yerevan-Open» տղամարդկանց միջազգային մրցաշարը: Տեղեկացնեմ, որ մայիսի 19-ից 21-ը Երեւանում կանցկացվի EEVZA համաժողով, որին ներկա կգտնվեն վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահը, նրա տեղակալները եւ ասոցիացիայի անդամ 10 ֆեդերացիաների ղեկավարները: Հույս ունենք՝ մեզ միջազգային մրցաշարեր անցկացնելու իրավունք կտրվի:

Նմանատիպ նյութեր