Բանտարկյալներին քառաթիռներով թմրանյութ և զենք հասցնողների դեմ կազմակերպված պայքար է սկսվել
Անգլիայում և Ուելսում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որը պետք է պայքարի անօդաչու թռչող սարքերով բանտերում գտնվողներին արգելված ապրանքներ փոխանցողների դեմ: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39616476]BBC[/url] ռուսական ծառայությունը:
Ոստիկանությունը և բանտերի ղեկավարությունը տեղեկություններ են փոխանակելու, որպեսզի միասին հայտնաբերեն այն մարդկանց, որոնք այդպիսի ԱԹՍ-ներ են բաց թողնում բանտերի ուղղությամբ:
Նման խնդիր կա ոչ միայն Բրիտանիայում: Անցյալ տարի Շվեյցարիայի իշխանությունները հայտարարել էին, որ երկրի երկու գխլավոր բանտերում կտեղակայվեն ԱԹՍ-ներին արձագանքող ազդանշանային համակարգեր:
Անօդաչու քառաթիռները պարզ են ղեկավարվում և էժան են: Նրանց օգնությամբ բանտարկյալներին անլեգալ մատակարարվում են թմրանյութ, զենք, բջջային հեռախոս և գործիքներ:
Բրիտանիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ նախքան հատուկ ստորաբաժանման ստեղծելը մարտ ամսին ոստիկանությունը և բանտային ղեկավարությունը համատեղ ջանքերով ձերբակալել են երկու մարդու: Վերջիններս մեղադրվում են՝ ԱԹՍ-ների միջոցով 48 հազար ֆունտի (60 հազար դոլար) արգելված ապրանքներ բանտ տեղափոխելու փորձ անելու մեջ: