211652_close_icon
views-count4104 դիտում article-date 14:01 16-04-2017

Երևանում Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում կանցկացվի. կմասնակցեն 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգները՝ Հայաստանից և Սփյուռքից

Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ապրիլի 22-ին Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված «Հուշաքարտեզ» միջոցառմանը կմասնակցեն 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Հայաստանից և Սփյուռքից: Այս հուշ-ցերեկույթի ժամանակ մարդիկ կծանոթանան միմյանց հետ, կվերհիշեն պատմություններ այն մասին, թե ինչպես իրենց նախնիները դիմակայեցին 1915 թ. արհավիրքին, ուժ գտան կանգուն մնալու և ընձյուղվելու: Այս գործընթացին մասնակից կլինեն նաև երեխաները՝ գունազարդելով պատմական Հայաստանի քարտեզը, ականջալուր լինելով մեծերի զրույցներին: Հուշի ծվեններից ուրվագծված սավան-քարտեզի յուրաքանչյուր պատառիկ կխորհրդանշի մի ընտանիքի (տոհմի) պատմությունն ու անունը: Հետագայում այս ինֆորմացիան աղբյուր կհանդիսանա ուսումնասիրողների համար՝ տալով հղումներ տարբեր ընտանիքների պատմություններին: Յուրօրինակ քարտեզի միջոցով ակնկալում ենք ստեղծել մի երևակայական տարածք, որը կներառի տարբեր պատմություններ, և որի շուրջ խմբված մարդիկ կվերաիմաստավորեն մեր անցյալից քաղած դասերը, կկարևորեն մերօրյա արժեքները՝ ամրապնդելով միասնական լինելու վեհ գաղափարը: Սիրով սպասում ենք Ձեզ Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում՝ միասին ուրվագծելու մեր պատմական հայրենիքի հուշաքարտեզը: Մուտքն ազատ է։ Միջոցառման նախագծի հեղինակ՝ Աննա Ասլանյան։ Նշենք, որ Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Կենտրոնը ստեղծվել է 2011թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ: Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը: [b] Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր