211652_close_icon
views-count2368 դիտում article-date 19:28 21-04-2017

Տեղի ունեցավ «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառումը

Այսօր՝ ապրիլի 21-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառումը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, 102 տարի առաջ Օսմանյան Թուրքիան իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Մեր հայրենակիցներից շատերը տեղահանվեցին և բռնեցին գաղթի ճանապարհը: Բայց հայ ազգը ապրեց, արարեց և այսօր մենք ավելի քան 10 միլիոն ենք: Ցեղասպանությունը վերապրածների չորրորդ սերունդը՝ ծով դարձած հայ երիտասարդությունը, առանց վախի պահանջում է մեր Հայ Դատի արդարացի լուծումը»: Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց այն օտարազգի մտավորականներին, ովքեր գրում և տպագրում են գրքեր 1915թ. Հայոց ցեղասպանության մասին: «Նրանց մեջ կան նաև թուրքեր, ովքեր, երբ սկսում են ուսումնասիրել իրենց արմատները, հաճախ հայտնաբերում են հայկական ծագումը: Տարեցտարի ավելի ու ավելի մեծ թվով ծպտյալ հայեր են վերագտնում իրենց ինքնությունը: Մեր գերդաստանների պատմությունները՝ օգնում են մեզ վառ պահել անմեղ զոհերի հիշատակը», - ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը: Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները ներկայացրին իրենց գերդաստանների պատմությունները: Գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը իր ընտանիքի պատմությունը ներկայացնելու հնարավորության համար, պատմեց, թե ինչպես է մեծ մայրը Եփրատի ավազների վրա զավակներին սովորեցրել գրել «Ես հայ եմ» նախադասությունը՝ հետագայում, իրար կորցնելու դեպքում, ճանաչելու նպատակով: Գրող Սոսի Գևոնյանը նշեց, որ իր մեծ հայրը ծնվել է Կեսարիայում, ինքը՝ Դամասկոսում, այնուհետև գաղթել են Բեյրութ, Իսպանիա, ԱՄՆ և վերջապես հիմա իր ընտանիքով տեղափոխվել է Հայրենիք: «Ես երջանիկ եմ, որ վերջապես հաստատվեցի իմ երազած դրախտավայր Հայաստանում», - հավելեց նա: «Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը, պատմելով իր մեծ հոր և մոր պատմությունը՝ շնորհակալություն հայտնեց նախարարին և նախարարությանը հայկական մշակույթի պահպանությանն ուղղված իր գործունեությունը բարձր գնահատելու և «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրելու համար: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Ներսիսյանը խոսեց Մարաշից տեղահանված իր ընտանիքի մասին: Իսկ դասախոս Հրաչուհի Պողոսյանը ներկայացրեց իր գերդաստանի՝ Վասպուրականից գաղթելու պատմությունը և այդ մասին իր գրած՝ «Վասպուրականի գերդաստանի մը պատմությունը» գիրքը: Հայոց ցեղասպանության մասին իրենց գերդաստանների հիշողությունները ներկայացրին նաև իրաքահայ հայրենադարձ Վարանդ Պետրոսյանը, պատմաբան, Անի Ֆիշենկչյանը և արգենտինահայ Լուիզա Հազարյանը: Նրանք հավաստիացրին, որ Ապրիլի 24-ը մեզ բոլորիս պետք է մտածելու առիթ տա՝ ինչ ենք անում 1,5 միլիոն զոհերի հիշատակը անմահ պահելու համար: Նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնարարեց «Հայերն այսօր» պարբերականի խմբագրակազմին՝ բացել «Պատմիր քո պատմությունը» խորագրով պատուհան, որտեղ Ցեղասպանություն վերապրածների ժառանգները ոչ միայն հնարավորություն կունենան պատմել իրենց պատմությունները, այլև շփվել և ծանոթանալ միմյանց հետ: «Թշնամուց մեր վրեժը այն կլինի, որ ապրենք ու արարենք, հզորացնենք մեր երկու հայկական պետությունները՝ Հայաստանն ու Արցախը», - ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր