211652_close_icon
views-count9539 դիտում article-date 21:49 12-04-2017

ՈՒԵՖԱ-ի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինին` ուղեկցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով ֆուտբոլի և առհասարակ սպորտի կարևոր դերակատարությանը ազգերի միջև փոխճանաչողության և համերաշխության հաստատման գործում, ցավով նշել է, որ այսօր որոշ ուժերի կողմից այն նաև քաղաքական շահարկումների թիրախ է դառնում: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետն իր ցավակցությունը հայտնել է ՈՒԵՖԱ-ի նախագահին նախորդ օրը գերմանական ֆուտբոլային ակումբներից մեկի դեմ գործված ահաբեկչության առիթով: Դատապարտելով կատարվածը` Վեհափառ Հայրապետն ընգծել է, որ պետական և հասարակական կառույցները պետք է ամեն ջանք գործադրեն` զերծ պահելու սպորտը նման բռնարարքներից: Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել ՈՒԵՖԱ-ին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` համատեղ ջանքերով Վաղարշապատում ֆուտբոլի ակադեմիա հիմնադրման և այն համապատասխան մարզադաշտով օժտելու ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Նորին Սրբությունը շեշտել է, որ Հայոց Եկեղեցին նույնպես կարևորում է սպորտը և այս առումով` Եկեղեցու հովանու ներքո Հայաստանում գործող 10 հայորդյաց տներում ստեղծվել են բոլոր հնարավորությունները, որպեսզի պատանիները հաճախեն տարբեր սպորտային խմբակներ և մարզվեն: Զրույցի ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն իր խորին շնորհակալությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ նշելով, որ իր վրա մեծ տպավորությունն է թողել հայ ժողովրդի պատմությունը: ՈՒԵՖԱ-ի նախագահը նույնպես ընդգծեց, որ սպորտաձևերը և մասնավորապես` ֆուտբոլը, կոչված են միավորելու ազգերին և ոչ թե պառակտելու: Պրն. Չեֆերինը շեշտել է, որ ֆուտբոլը կարևոր նշանակություն ունի երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության գործում և նրան ետ է պահում տարբեր անցանկալի, մեղսալի երևույթներից: Վերջում Վեհափառ Հայրապետը ՈՒԵՖԱ-ի նախագահին ցանկացել է արգասավոր գործունեություն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ արդյունավետ գործակցություն: ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունն այցելել է նաև Մայր Տաճար:

Նմանատիպ նյութեր