211652_close_icon
views-count4104 դիտում article-date 14:24 12-04-2017

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգով է հանդես եկել Վարշավայում

Ապրիլի 11-ին Վարշավայի ազգային ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդայի պատվո հովանու ներքո անցկացվող Բեթհովենի անվան Զատկի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգն անցկացվում էր Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո և նվիրված էր Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոմկևիչ Վալցը, աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, Լեհաստանի հասարակական-քաղաքական և մշակութային հեղինակավոր գործիչներ, արվեստաբաններ, լրագրողներ և այլք: Համերգից հետո Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր հատուկ ընդունելություն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և «Լյուդվիգ վան Բեթհովեն» ասոցիացիայի նախագահ Էլիժբետա Պենդերեցկան: Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշեց, որ իր համար մեծ հպարտություն է լինել հազարամյակների հարուստ պատմություն և մշակույթ ունեցող ժողովրդի ներկայացուցիչ, ով կրկնակի հպարտությամբ է հետևում, թե ինչպես են հայ երաժիշտները իրենց կատարումներով հիացնում լեհ հանդիսատեսին: Իր հերթին, Էլիժբետա Պենդերեցկան իր երախտագիտության խոսքը հղեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին և ՀՀ մշակույթի նախարարությանը, որոնք իրենց մշտական հոգածությամբ հանդիսանում են փառատոնի բարեկամները և մեծ աջակցություն են ցուցաբերել այդ համերգի կայացման գործին: Տեղեկանք․Համերգի ծրագրում ընդգրկված էին Ղազարոս Սարյանի, Արամ Խաչատրյանի և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները: Մենակատարներն էին՝ ջութակահար Յարոսլավ Նադժիցկին և աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

Նմանատիպ նյութեր