20-րդ դարի գլխավոր հալածողից և տանջողից ազատվելու հարցը հուզում է ռուս եկեղեցուն
Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի պետ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը հայտարարել է, որ Լենինի դամբարանն ու զմռսված մարմինը անցյալի վերապրում է, և այսօր կարիք չկա գրգռել հանրությանը այդ խնդրով:
Ինչպես հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39472602]BBC[/url] ռուսական ծառայությունը, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ նշել է, որ իր կարծիքով` այս որոշումը քառորդ դար ուշացել է:
«Երբ 1991-ին Դերժինսկու հրապարակից հեռացրին Դերժինսկու արձանը, այդ ժամանակ էլ պետք է Լենինի մարմինը դուրս բերեին դամբարանից»:
Մետրոպոլիտ Իլարիոնը պարզաբանել է, որ Ռուս եկեղեցու համար Լենինի մարմինը վերահուղարկավորելու հարց, որպես այդպիսին՝ չկա, սակայն հստակ նշել է եկեղեցու դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ:
«Դահիճների անուններով չի կարելի անվանակոչել փողոցներ և հրապարակներ: Տեռորիստների և հեղափոխականների անունները չպետք է հավերժացվեն մեր քաղաքներում: Այդ մարդկանց արձանները չպետք է կանգնեն մեր հրապարակներում: Այդ մարդկանց զմռսված մարմինները չպետք է ի ցույց դրվեն հանրությանը»:
Նշենք, որ այս խնդիրը հանրության քննարկման առարկա էր դարձել այն բանից հետո, երբ անցած ամիս Արտերկրի Ռուս ուղղափառ եկեղեցին առաջ էր քաշել Կարմիր հրապարակը «20-րդ դարի գլխավոր հալածողից և տանջողից» ազատելու անհրաժեշտության հարցը: