Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել. կան տասնյակ վիրավորներ, 2 զոհ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ միջադեպ է տեղի ունեցել, որն այս պահին ոստիկանությունը դիտարկում է որպես «ահաբեկչական գործողություն»: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խորհրդարանի շենքի մոտ կրակոցներ են հնչել, իսկ Վեստմինտերյան կամրջի վրա մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ:
Ականատեսների խոսքով` վրաերթի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել, 2 մարդ մահացել է:
Բժիշկների խոսքով` մի քանիսի վիճակը ծանր է: Մեքենան ընթացել է մինչև պալատի մոտ, որտեղ այն կանգնեցրել են ոստիկանները: Մեքենայի վարորդը դանակով վնասվածք է հասցրել ոստիկանին, որից հետո նրա ուղղությամբ կրակ է բացվել:
Հարձակումն իրականացնողների հստակ թիվը դեռ պարզ չէ: Կրակոցներից հրազենային վնասվածք է ստացել տասնյակից ավելի մարդ: Միջադեպի հետևանքով նաև զբոսաշրջիկներ են տուժել:
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակն ասել է, որ Թերեզա Մեյի կյանքին վտանգ չի սպառնում: Վարչապետի գտնվելու վայրը չի հաղորդվում: Հարձակումից հետո խորհրդարանի շենքի մոտ տեղակայվում են հատուկ ջոկատայիններ և զինված ոստիկաններ: