ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Ղարաբաղի հակամարտությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Անվտանգության խորհրդի նսիտում, որը կայացել է փետրվարի 20-ին, անդրադառնալով Եվրոպայում հակամարտություններին, հիշատակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
««Սառեցված հակամարտություն» եզրույթը, որը հաճախ կիրառվում է Եվրոպայում հակամարտությունների վերաբերյալ, շփոթության մեջ է գցում միջազգային հանրությանը: Մինչև խաղաղության համաձայնագրեր չստորագրվեն ու կյանքի չկոչվեն, հակամարտությունների վերսկսման ռիսկը կպահպանվի, ինչպես եղավ անցյալ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում:
ՄԱԿ-ը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և հորդորում է հակամարտության կողմերին թուլացնել լարվածությունը: Գուտերեշը բոլոր շահագրգիռ կողմերին հորդորել է քաղաքական կամք ցուցաբերել ոչ միայն ամրապնդելու հրադադարի ռեժիմը, այլ վերսկսելու կայուն և համապարփակ բանակցությունների գործընթացը»,- ասել է Գուտերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ 2008թ. Վրաստանի և 2014թ. Ուկրաինայի ճգնաժամերը հիշեցնում են Եվրոպայում բռնության նոր բռնկումների սպառնալիքի մասին: