211652_close_icon
views-count3482 դիտում article-date 17:50 22-02-2017

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ. ամփոփվել են նախորդ տարվա ցուցանիշները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Ընդլայնված կոլեգիան քննարկել է 2016 թվականին կատարված աշխատանքները, վերլուծել հանցավորության վիճակը, շարժընթացը, բացահայտումների ուղղությամբ կատարված աշխատանքները։ Ըստ ոլորտների կատարված աշխատանքները ներկայացրել են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը, Հայկ Գրիգորյանը, Վահագն Հարությունյանը և Արթուր Ղամբարյանը։ Հանրապետությունում 2016 թվականին գրանցվել է 18764 հանցագործություն՝ 2015 թվականի 17.143 դեպքի դիմաց. աճել են հիմնականում պետական ծառայության և կառավարման կարգի, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ 4,8 տոկոսով նվազել են ծանր հանցագործությունները, 20 տոկոսով աճել առանձնապես ծանր հանցագործությունները։ ՀՀ ՔԿ քննիչների միջին ծանրաբեռնվածությունը կազմել է` 46.4, իսկ առանձին ստորաբաժանումներում՝ շուրջ 130 քրեական գործ։ Եթե 2015 թվականի ընթացքում մինչև երկու ամիս ժամկետում ավարտվել է 1676 քրեական գործ, ապա 2016 թվականին՝ 1736, միաժամանակ, էապես նվազել են մեկ տարուց ավելի քննվող քրեական գործերը։ «Քրեական գործերով նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, սահմանափակվում են ներգրավված անձանց մի շարք սահմանադրական իրավունքները, և անընդունելի են քննության անհարկի ձգձգումները։ Պետք է հնարավորինս օպերատիվ պարզվեն հանգամանքները և կայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։ Միայն սեղմ ժամկետներում հանցագործությունների բացահայտումը կնպաստի կատարած արարքի համար պատժի անխուսափելիության հոգեբանության ձևավորմանը»,- նշել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը՝ հանձնարարելով ամենօրյա հսկողություն սահմանել բազմադրվագ, առանձնակի բարդություն ներկայացնող քրեական գործերի քննության, բացահայտման նկատմամբ։ «Քննչական աշխատանքի թիվ մեկ ցուցանիշը հանցագործությունների բացահայտումն է։ Քննիչն է այն դատավարական անձը, ով ղեկավարում է բոլոր նրանց գործողությունները, ովքեր իրենց նպաստը պետք է բերեն հանցագործությունների բացահայտման, ապացույցներ ձեռք բերելու, ֆիքսելու գործին։ Հանրության կողմից պահանջը ձեզ է ներկայացվում»,- ասել է Ա.Հովսեփյանը։ Զեկուցվեց, որ 2016 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի հետ աշխատանքային քննարկումների արդյունքում մշակվել են համագործակցության նոր մեխանիզմներ, որը հնարավորություն է տալիս ավելի սեղմ ժամկետներում և առավել մատչելի գներով կազմակերպել դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը։ Բժշկական համալսարանի մասնագետները պատրաստակամություն են հայտնել կատարել քրեական գործերով դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը: Նշված ամբիոնի մասնագետների կողմից արդեն իսկ իրականացվել է մի քանի դատահոգեբանական փորձաքննություն, որոնց համար պահանջվել է 45 օր, և միայն մեկ դեպքում է տևել 4 ամիս՝ կապված քրեական գործի բազմածավալ լինելու հետ։ «Կազմակերպական, ինչպես նաև քննիչների վերապատրաստման ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել, և բոլոր վիճակագրական տվյալները վկայում են, որ հաջողվում է ապահովել քննության որակի և արդյունավետության բարձրացումը, բայց դա մեզ չպետք է գոհացնի, ինքներս մեզ չպետք է գովենք, այլ խորությամբ ուսումնասիրենք խնդիրները, վեր հանենք բացթողումները և հետևողական քայլերով շտկենք դրանք։ Պետք է միշտ քննադատաբար մոտենանք մեր աշխատանքներին, քանի որ միայն այդպես կարող ենք առաջ գնալ, արդյունավետ նախաքննություն ապահովել»,- նշել է Ա.Հովսեփյանը: Քննարկման արդյունքներով՝ ՀՀ ՔԿ նախագահը տվեց մի շարք հանձնարարականներ՝ կարևորելով հանցագործությունների վերաբերյալ քննչական կոմիտեում ստացվող հաղորդումներին արագ, օրենքով սահմանված կարգով ընթացք տալը։ Ա.Հովսեփյանը տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումներին կամ ընտրական գործընթացով պայմանավորված այլ քրեորեն հետապնդելի արարքներին ՀՀ ՔԿ իրավասության սահմաններում արագ և պատշաճ իրավական գնահատական տալու կարևորության վրա։ «Տեղերում հնարավորինս արագ և սահմանված կարգով պետք է արձագանքեք հնարավոր ընտրախախտումների մասին հաղորդումներին։ Յուրաքանչյուր դեպք պետք է օպերատիվ դառնա քննության առարկա»,- շեշտել է ՔԿ Նախագահը։ [b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր