2796 դիտում
10:19 09-02-2017
Լապշինի հետ տեղի ունեցածը Հայաստանի համար մեծ հարված է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լապշինի գործում խաչվում են միանգամից հինգ պետության, մեկ տնտեսական և մեկ ռազմական միություն, մեկ չճանաչված հանրապետություն, մեկ տարածքային հակամարտություն։ Լապշինը միաժամանակ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է, նրա ձերբակալությունը տեղի է ունեցել Բելառուսում Ադրբեջանի խնդրանքով ընդդեմ Հայաստանի։
Լապշինի ձերբակալումն ուղղակիորեն առնչվում է ԼՂ հակամարտությանը, դրա արդյունքում առաջ է եկել Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ-Բելառուս, ՌԴ-Բելառուս համագործակցության արդյունավետության հարցը, ՀԱՊԿ-ում ՀՀ և Բելառուսի դաշնակցության խնդիրը։ Նրա ձերբակալումն ու արտահանձնումը մեծապես կապ ունեն Ռուսաստանի և Բելառուսի միջև ներկայում գոյություն ունեցող չհայտարարված հակամարտության հետ, ինչպես նաև այս տարածաշրջանում Իսրայելի հետապնդած որոշակի նպատակների և այդ հարցում Ադրբեջան-Իսրայել սերտ համագործակցության հետևանք է:
Աշխարհում ամեն օր տասնյակ մարդիկ խեղումների և հետապնդումների են ենթարկվում խոսքի ազատության կամ ազատ տեղաշարժի իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու պատճառով, բայց միայն եզակիներին է բախտ վիճակվում հայտնվել միջազգային մակարդակի խնդիրների և հարաբերությունների նման փաթեթի կենտրոնում։
Որքան էլ ցավալի է, Հայաստանն այս փաթեթի ամենաթույլ օղակն է։ Լապշինի հետ տեղի ունեցածը մեծ բան չէ վերոնշյալ երկրներից որևէ մեկի համար, ավելի շուտ քաղաքական առուծախի և պայմանավորվածությունների առարկա է: Մինչդեռ Հայաստանի համար դա մեծ հարված է, որ ընդգրկում է ինչպես քարոզչական, այնպես էլ դիվանագիտական պարտություն, անկախ այն բանից, թե ինչպիսին են սույն գործի իրավական հանգամանքները։ Երեկ ամբողջ աշխարհով լուրը շրջանառվում էր հետևյալ մեկնաբանությամբ՝ հայտնի բլոգերն Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։
ՀՀ ԱԳՆ-ն, Արցախի պետական կառույցները երեկ պնդում էին որ Լապշինի գործը հակադարձ նախադեպն է դառնալու։ Այսինքն ի հեճուկս սպասվածի, ամբողջ աշխարհից մեծ հոսք է սկսվելու դեպի Արցախ՝ քաղաքական գործիչներ, արվեստի մարդիկ և այլն: Նման վստահ հայտարարությունների համար պետք է նախ սեփական ուժերի նկատմամբ վստահություն ունենալ։ Այսինքն համոզված լինել, որ դա միայն հայտարարություն չի մնա, այլ հետևողականորեն կյանքի կկոչվի։
Ցավոք, լավատեսության հիմքեր չկան: Ապրիլյան պատերազմից հետո նույնպես այդպիսի նպատակ դրվել էր, սակայն մեծ անցուդարձի այդպես էլ ականատես չեղանք»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4360 դիտում
10:42 21-01-2017
Լապշինի արտահանձնումը հումանիտար, քաղաքական և տնտեսական ծանր հետևանքներ կունենա. «Հայկական ժամանակ»
3816 դիտում
09:34 02-09-2016
Աղավնաձորցիների հետ տեղի ունեցածը բնորոշում է Հայաստանի տնտեսական և քաղաքական կյանքի թշվառությունը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1198 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»