211652_close_icon
views-count29988 դիտում article-date 18:45 30-01-2017

Այսօր հրամանատար Պետոն կդառնար 53 տարեկան. ուխտայց Օմարի լեռնանցք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախյան ազատամարտի լեգենդար հերոս, նվիրյալ դաշնակցական ընկեր, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Պետոն` Պետրոս Արշալույսի Ղևոնդյանը, ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին՝ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։ Եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ մասնակացել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին՝ Շահումյանում, Մարտակերտում, Մարտունիում, Հադրութում և այլուր: Թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությունների ժամանակ բազմիցս ցուցաբերել է խիզախություն ու հերոսություն։ Մահացել է 1994 թվականի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում գտնվող մարտադաշտի ականապատ վայրում՝ իր վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։ Այսօր՝ հունվարի 30-ին, Պետոն կդառնար 53 տարեկան: Այդ առիթով մի խումբ Պռոշյանցի ազատամարտիկ դաշնակցականներ, ուխտաբար այցելեցին Արցախի հերոսի զոհվելու վայրում տեղադրված հուշաքարին: Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, ազատամարտիկների խումբը շարժվեց դեպի Արցախ: Նրանց խմբին հետ չպահեց անգամ ցրտաշունչ ձմեռն ու «կիսափակ» Վարդենյանց և Օմարի լեռնանցքները: Միայն ուշ գիշերով տեղ հասած ազատամարտիկները, մաքրեցին հուշաքարն ու տարածքն առատ ձյունից, իսկ երդվյալ դաշնակցական, ազատամարտիկ, օպերային երգիչ, տենոր Գևորգ Հաճեանի կատարմամբ հնչած ռազմերգերը ցնցեցին Քարվաճառի կիրճը: Հավելենք, որ Պետրոս Արշալույսի Ղևոնդյանը թաղված է Պռոշյանի Զորաց պանթեոն-հուշահամալիրում: Նրա անունով են անվանակոչվել Պռոշյանի և Եղեգնուտի միջնակարգ դպրոցները։ 2007 թվականին ԵՊՀ նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղեւոնդյան անունը կրող լսարան։ 2010 թվականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցը ևս անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անունով։ Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր