Մեկ դար շարունակ հայերի թաղած ոսկիները փնտրող միլիոնավոր մարդիկ կան. Հիլալ Նեսին
Մի քանի օր առաջ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի կողմից «Ցեղասպանություն» բառի գործածումից հետո հասարակական լայն քննարկում է ծավալվել Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ: Թուրք թատերագետ և սյունակագիր Հիլալ Նեսինը Twitter-ի իր էջում գրառմամբ հեգնել է Թուրքիայում ցեղասպանությունը հերքողներին:
Հիլալ Նեսինի գրառումը՝ ստորև.
«Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը կա «Հայի դիակի պես ծանր» արտահայտությունը:
Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը երկրի ամբողջ տարածքում կան հայերի կառուցած դպրոցները, եկեղեցիները, ալրաղացները...
Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը մեկ դար շարունակ հայերի թաղած ոսկիները փնտրող միլիոնավոր մարդիկ կան:
Հայ լինելու համար սպանված Հրանտ Դինքը կա, անմեղ տեղը բանտ նետված Սևան Նիշանյանը (գրող, մտավորական) կա, բայց հայկական կոտորած չկա:
Այս գրությունը գրելուս համար քիչ անց ինձ անձնական նամակով «Վայ դու հայի սերմ, հայի բիճ» գրողներ կլինեն, սակայն հայկական կոտորած չկա:
Սովորե՛ք ապրել առանց կեղծիքի:
Հարցրե՛ք ինքներդ ձեզ. Առանց կոտորածի ապրած գոնե մեկ տարի ունե՞նք»: