Վրաստանում հայկական ձեռնարկությունների և բիզնեսի ձևավորման համար կարող են խոչընդոտներ ստեղծվել
Վերջին տասն օրերի ընթացքում կտրուկ նվազել է լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ, և այժմ այն կազմում է 2.8 լարի՝ 1 դոլարի համար, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է: Այս մասին այսօր կազմակերպված «Հայաստան-Վրաստան տարածաշրջանային տնտեսական խնդիրներն ու հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Վրաստանից քննարկմանը տեսազանգով միացած Policy and Management Consulting Group-ի հետազոտությունների տնօրեն Մայա Գրիգոլիան:
Փորձագետն ընդգծեց, որ 2016թ. Վրաստանում տնտեսական աճի ցուցանիշը կազմում է 2.3%, ինչն, այնքան էլ ցանկալի ցուցանիշ չէ. «Խնդիրն այն է, որ հարևան երկրների տնտեսական վիճակը չի կարող չանդրադառնալ Վրաստանի տնտեսական վիճակի վրա: 2016թ. երկրորդ եռամսյակում ներմուծումների ծավալն աճեց մոտ 60%-ով, իսկ արտահանման ծավալն իջավ մոտ 17%-ով, ինչը նշանակում է, որ չի կարելի ակնկալել որոշակի կայունություն Վրաստանի տնտեսական հեռանկարների հետ կապված»:
Անդրադառնալով 2016-ի դրական զարգացումներին, փորձագետն առանձնացրեց Վրաստանի և Չինաստանի միջև ստորագրված ազատ առևտրի մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2017 թվականից. «2016թ. տեղի ունեցան նաև հարկային բարեփոխումներ: Շահութահարկն ընդհանրապես վերացվեց որոշակի հարկատուների համար: Բացի այդ՝ 2016թ. ԱԱՀ-ն նվազեց Վրաստանում՝ 20%-ից իջնելով 16%»:
Փորձագետը նշեց, որ ԵՄ-ի հետ ստորագրած ասոցիացման համաձայնագիրը Վրաստանին թույլ է տվել ազատականացնել առևտուրը ԵՄ երկրների հետ, և ըստ այդմ՝ արտահանման ծավալները ԵՄ տարածքում սկսում են աճել. «Սակայն սա դեռևս մեր արտահանման ծավալի մեծ մասը չի կազմում: 2016թ. Վրաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերները եղել են Ադրբեջանը, Հայաստանը, Իրանը, Ուկրաինան և Թուրքիան: Եվ այս բոլոր 5 երկրներում իրականում տնտեսական տատանումներ են տեղի ունենում, ու մեր կազմակերպությունն ուսումնասիրում է տեղի տնտեսական խնդիրները, իրադրությունը»:
Վրաստանի և Հայաստանի միջև եղած առևտրային հարաբերությունների մասին խոսեց Վրաստանից քննարկմանը տեսազանգով միացած մյուս բանախոսը՝ Policy and Management Consulting Group-ի ներկայացուցիչ Շուշանիկ Սաֆարյանը. «Ուզում եմ հիշել 2003, 2004, 2007 թվականները, երբ շատ խոշոր հայկական ձեռնարկություններ սկսեցին գործել Վրաստանում, ու քանի որ Վրաստանում ֆինանսական և տնտեսական իրադրությունը թույլ էր տալիս ու բավականին տարբերվում էր Հայաստանում ստեղծված իրավիճակից, պետք է ասեմ, որ այդ բիզնեսներն այս պահին Վրաստանում շարունակում են շատ արդյունավետ գործել: Խնդիրն այն է, որ Հայաստանում բավականին զգայուն փոփոխություններ են տեղի ունենում՝ կապված ԵՏՄ-ի հետ: Ամենայն հավանականությամբ, տեղի կունենան օրենսդրական փոփոխություններ՝ ձեռնարկատիրական ոլորտում, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել Վրաստանում հայկական ձեռնարկությունների և բիզնեսի ձևավորման համար»: