Խոշոր բիզնեսի բարգավաճումը տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս հրապարակվեց 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը, որը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13,5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:
Այս ցուցանիշները որպես ձեռքբերում իր ֆեյսբուքյան էջում ներկայացրեց նաև Փաշինյանը՝ հատուկ ընդգծելով, թե 2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:
Թվում է, թե խոշոր հարկատուների վճարած հարկերի ավելացումը դրական է տնտեսության համար, սակայն պետք է նկատել, որ խոշոր հարկ վճարողների կողմից ավելի հարկ վճարելը պայմանավորված է ոչ միայն ստվերի կրճատմամբ, այլև նրանց կողմից շուկաների մենաշնորհացման և որոշ հարկատեսակների դրույքաչափերի աճով։
Հայաստանում տևական ժամանակ ականատես ենք լինում մի երևույթի, երբ խոշոր բիզնեսը կլանում է մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին կամ նրանց մրցակցությունից դուրս թողնում։
Օրինակ՝ ակնառու է, թե ինչպես են մանր խանութներն ու կրպակները փակվում խոշոր սուպերմարկետների և մոլերի բացմանը զուգահեռ։
Այսինքն՝ խոշոր բիզնեսի բարգավաճումը հիմնականում տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]