Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպումներ է ունեցել երկրի ԱԳ պետնախարար Սուլթան ալ-Մուրեյխիի և ԱԳ պետական արարողակարգի ղեկավարի հետ
Դեկտեմբերի 6-ին Կատար աշխատանքային այցի շրջանակներում համատեղության կարգով Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը (նստավայրը՝ Աբու-Դաբի) հանդիպումներ է ունեցել երկրի ԱԳ պետնախարար Սուլթան ալ-Մուրեյխիի և ԱԳ պետական արարողակարգի ղեկավար Իբրահիմ Ֆախրոյի հետ:
Հանդիպումներին անդրադարձ է կատարվել հայ-կատարական հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցերի, երկկողմ համագործակցության հետագա զարգացման և խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և փոխայցելությունների կազմակերպումը։
Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել նաև «Qatar Airways» ավիաընկերության գործադիր տնօրեն Աքբար ալ-Բաքերի հետ, որի ընթացքում քննարկվել է համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ընդգծվել է, որ կատարական ավիաուղիների կողմից իրականացվող ուղիղ ավիաչվերթներն էապես նպաստում են երկկողմ համագործակցության ամրապնդմանը:
Այցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը հանդիպում է ունեցել նաև կատարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայ-կատարական հարաբերությունների ներկայիս մակարդակը և դրանց զարգացման հեռնկարները: ՀՀ դեսպանը նաև մանրամասն անդրադարձել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սնաձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակին և այդ ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին: