211652_close_icon
views-count9518 դիտում article-date 23:53 01-12-2016

Մհեր Ղալեչյան. Բանակ-լրատվամիջոցներ համագործակցությունը պետք է վերականգնել

Ֆեյսբուքյան օգտատեր Մհեր Ղալեչյանն իր [url=https://www.facebook.com/mher.ghalechyan/posts/1130564456997206?pnref=story]էջում[/url] գրել է. «Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական ԶԼՄ-ները բավական լավ եւ հաջող համագործակցեցին թե ԼՂՀ, ՀՀ ռազմական գերատեսչությունների համապատասխան կառույցների հետ, թե` իշխանության տարբեր օղակների հետ: Շատ արդյունավետ կապ կար բանակի լրատվական պատասխանատուների հետ, մի տեսակ ընդհանուր թիմ էր ստեղծվել, որը ընդհանուր գործ էր անում: Լրագրողները բոլոր իրադարձությունները լուսաբանելիս պրոֆեսիոնալ մոտեցում էին ցուցաբերում, զերծ էին մնում սենսացիոն եւ էժանագին նյութեր հրապարակել, անպայման լուրերը հրապարակելիս 1000 անգամ դա ճշտում եւ համաձայնեցնում էին բանակի լրատվական ծառայությունների, ԼՂՀ իշխանությունների համապատասխան կառույցների հետ: Լինում էին դեպքեր, երբ ռազմական, հոգեբանական, քարոզչական, արտաքին գործոններով պայմանավորված, ինչ որ փաստեր, իրադարձություններ չէին հրապարակվում: Այս ամենը կառուցված էր փոխադարձ վստահության եւ հայրենիքի համար վտանգավոր շրջանում միասնական լինելու գաղափարի շուրջ: Ավելի ուշ մեր ԶԼՄ-ների աշխատանքն այդ օրերին բարձր գնահատեցին հենց բանակի ղեկավարները: Հիմա ոնց որ ամեն ինչ վերադարձել է իր շրջանակների մասին: Պարզվում է, որ վիրավորներ ունենք, որի մասին իմանում ենք բավական ուշացումով, այդ մասին ինչ տեսակի աղբյուրից ասես, որ տեղեկանում ենք, հետո նոր պաշտոնապես այդ մասին հայտնում են: Ընդ որում, 10 անգամ հերքում են, հետո` հաստատում, կամ երկու կառույցներից մեկը հերքում է, մյուսը` հաստատում: Հիմա ի՞նչ է պատահել, որ նորից ամեն ինչ գաղտնիության շղարշի տակ է հայտնվել: Այդ նույն լրատվամիջոցները չէ՞ին ապրիլին աշխատում, որոնց հիմա մեղադրում են չստուգված լուրեր հրապարակելու, թուրքի ջրաղացին ջուր լցնելու մեջ: Արդյունքում ինչ տեսակի լուրեր ասես, որ չեն տարածվում, ուռճացվում, մարդիկ անորոշության մեջ են, որտեղի՞ց իմանան ճիշտն ու սխալը: Այս իրավիճակում տեղեկատվության ամենավստահելի ու հուսալի աղբյուրը պետք է լինեն ՀՀ եւ Արցախի ՊՆ լրատվական ծառայությունները: Բայց եթե նրանք օպերատիվ ու պատշաճ տեղեկություններ չեն տալիս, լրատվամիջոցներն ու քաղաքացիները ի՞նչ անեն: Պետք է փորձեն այլ աղբյուրներից մի բան պարզել: Ուրեմն, պետք է նորից վերականգնվի փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտը»:

Նմանատիպ նյութեր